Բագարանցիների խնդիրը լուծում չի ստանում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արմավիրի մարզի սահմանամերձ գյուղերն անտեսված են: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում բողոքեցին Բագարան համայնքի բնակիչները:
Մարզկենտրոն Արմավիրից 50 կմ և Թուրքիայի սահմանից 300 մ հեռու գտնվող համայնքում խմելու ջուր չկա, ու երբեք էլ չի եղել: Բագարանցիների խմելու ջրի միակ ծորակը գյուղի ծայրամասում գտնվող «Գորտի» աղբյուրն է, որտեղից էլ օգտվում են գյուղի շուրջ 700 բնակիչները: Ջուրը գյուղացիները աղբյուրից տուն հասցնում են՝ ով ինչպես կարողանում է:
Սեփական ավտոմեքենա ունեցողների բախտը, մեղմ ասած, փոքր–ինչ բերել է, իսկ փոխադրամիջոց չունեցողները ջուրը տուն են հասցնում հայկական փոխադրամիջոցով` «ղանթարով»: Ջուրը գտնվում է 4–5 կիլոմետր հեռավորության վրա:
Բագարանցի բնակիչներից մեկը նեղսրտեց. «21–րդ դարում ենք ապրում, բայց դեռ «ղանթարով» ջուր ենք բերում: Սա կյա՞նք է»:
Գյուղացին նկատեց, որ Կառավարությունն այսօր հանրապետության մի շարք սահմանամերձ համայնքների արտոնություններ է տալիս, իսկ իրենց՝ անտեսում:
Ըստ նրա՝ հավասար աչքով չեն նայում և արտոնություններն էլ անհավասար են բաշխում, արդյունքում Բագարանում խնդիրները գնալով կուտակվում են և գյուղացիների կյանքը դժվարացնում:
«Այստեղ կա հողն անմշակ թողնելու բոլոր նախապայմանները, չկա գյուղտեխնիկա, ոռոգման ջուր, հողերի մեծ մասը գտնվում է սահմանային գոտում, իսկ դա գյուղից 10 կմ հեռավորության վրա է, անմխիթար են գյուղամիջյան ճանապարհները, չկա մանկապարտեզ, վթարային է գյուղի մշակույթի տունը»,– թվարկեց մեր զրուցակիցը:
Այս տարիների ընթացքում հարցը բազմիցս լրատվամիջոցները բարձրաձայնել են: Խնդրի մասին քաջատեղյակ են բոլոր պատկան մարմինները: Չնայած այս ամենին՝ խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում:
Համայնքի ղեկավար Գևորգ Մարգարյանից հետաքրքրվեցինք՝ հարցի լուծման ուղղությամբ որևէ քայլ ձեռնարկվո՞ւմ է: Նա պատասխանեց. «Ոչ մեկ կախարդական փայտիկ չունի, որ խնդիրը լուծվի: Միշտ էլ այդ խնդիրն ունեցել ենք և չգիտենք, թե երբ կլուծվի»:
Վերջերս կրկին խոստում են ստացել. այս անգամ Ջրային տնտեսության պետական կոմիտեից: Սպասում են իրագործմանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում