Համաներման կիրառումը սպասելի կլինի, եթե արդարադատության իրականացման ժամանակ կտրուկ փոփոխություններ լինեն. փաստաբան
Համաներումը գաղտնի գործընթաց է, իսկ սեպտեմբերի 21-ին ընդառաջ համաներում կլինի, թե ոչ, դա ևս գաղտնի է: Հետևաբար անիմաստ է խոսել հնարավոր համաներման մասին, քանի որ դա դա գուշակություն կդիտվի:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Հարցին, թե ինչ-որ նախադրյալներ կան, որոնց հիման վրա կարող է համաներում հայտարարվել, Տիգրան Հայրապետյանն ասաց, որ դատական համակարգում զգալի փոփոխություններ չկան:
«Արդեն չորրորդ տարին է, որ տարեկան չորս անգամ սպասում ենք համաներման, բայց կարծում եմ համապատասխան փոփոխություններ չեն արվել համաներման համար: Իմ կարծիքով համաներում չի լինի»,-ասաց փաստաբանը:
Հայրապետյանի խոսքով՝ դատական համակարգը զգալի բարեփոխումների չի ենթարկվել, որ համաներումն էլ ինչ-որ առումով լինի դրա տրամաբանական հետևանքը, բարեփոխումների նախադրյալներ չկան:
«Վճռաբեկ դատարանն ավելի է աղավաղում դատական համակարգը և դա կարծրանում է, հենց կլինեն կտրուկ նշանակալի քայլեր արդարադատության իրականացման ժամանակ, այդ դեպքում էլ սպասելի կլինի համաներման կիրառումը»,-ասաց Հայրապետյանը:
Լուսանկարը՝ Sputnik Armenia-ի