Վազգեն Սաֆարյան. «Վատ քաղաքական գործիչներն ընտրվում են լավ քաղաքական գործիչների պասիվ կեցվածքի պատճառով». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած Կոմունիստական կուսակցության 174 հոգանոց ցուցակի 32 ներկայացուցիչ Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության անդամներ են: Կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանը, ով նաև Առաջադիմական կոմունիստական կուսակցության ղեկավարն է, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իրենք ոչ թե փորձելու են ժողովրդին մոռացված հինը մատուցել, այլ՝ անցյալի լավ կողմերն են տեղափոխելու ապագա:
«Մենք ոչ թե ուզում ենք անցյալի կարոտն արթնացնել, այլ անցյալի ձեռքբերումները ուզում ենք տեղափոխել ապագա: Մենք այդ կամրջի դերն ենք խաղում, որ մեր միջոցով հնարավոր լինի սոցիալական արդարությունը, սոցիալական երաշխիքները վերականգնել և այն բերել ապագայի հասարակարգ: Մեր խնդիրն է ստեղծել կամուրջ այդ անցյալի և ներկայի միջև»,– ասաց Վ. Սաֆարյանը:
Քաղաքական գործչի կարծիքով իրենց խնդիրն այդ կամրջելու ձևն ու ճանապարհը ցույց տալն է և եթե հասարակությունը հավատա ու գնա իրենց հետևից, կոմունիստները կկարողանան կյանքի կոչել իրենց գաղափարները: Չհաջողելու դեպքում նրանք ոչ թե հասարակությանը կմեղադրեն, այլ իրենց, մտածեն, որ չեն կարողացել արդյունավետ աշխատել հասարակության հետ: Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր նախորդ համակարգի ժամանակ ազնիվ աշխատանքով բարեկեցիկ ապրել են դրանք բոլորն էլ իրենց համակիրներն ու համախոհներն են, պարզապես հիմա չեն ցանկանում մասնակցել ընտրություններին, որի պատճառով էլ տուժում են կոմունիստները:
«99 թվականին կոմունիստական կուսակցությունը 15% էլեկտորատ է ունեցել և այն մարդիկ, ովքեր այսօր չեն մասնակցում ընտրություններին, նրանք բոլորն էլ մեր համախոհներն են: Մենք պետք է կարողանանք նրանց կրկին հետ բերել և ակտիվացնել, քանի որ վատ քաղաքական գործիչներն ընտրվում են լավ քաղաքական գործիչների պասիվ կեցվածքի պատճառով»,– ասաց Վ. Սաֆարյանը:
Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահի խոսքով քարոզարշավը կառուցելու են տնից–տուն, աչքից–աչք սկզբունքով: Եվ եթե նրանց չհաջողվի մարդկանց համոզել, որ ակտիվ մասնակցեն ընտրություններին, ուրեմն կստացվի, որ իրենք վատ քարոզիչներ են: Ու թեև վերջին 25 տարիներին կոմունիստները չեն կարողացել երկրում ինչ–որ բան փոխել, բայց շարունակել են մնալ ժողովրդի կողքին, կիսել են նրա բոլոր խնդիրներն ու տառապանքները:
«Հաղթելու դեպքում կոմունիստները կկարողանան երկիրը ծանր ճգնաժամից հանելու իրատեսական ծրագրեր ներկայացնել, հատկապես արդյունաբերական քաղաքականության ոլորտում: Մենք կկարողանանք հասնել նրան, որ ներքին և արտաքին կոոպերացիաները և կոոպերացիոն կապերը զարգացնելով Հայաստանում ոտքի կանգնեցնել հայրենական արդյունաբերությունը, ինչն էլ կդառնա ժողովրդի բարեկեցության հիմքը»,– ասաց Վ. Սաֆարյանը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: