Մարզպետը ստում է, քանի որ չի գիտակցում իրավիճակի լրջությունը
Վազգեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը արդեն տևական ժամանակ է հանրության ուշադրության կենտրոնում է և պատճառը նրա ոչ ադեկվատ պահելաձևն է գյուղապետերի նկատմամբ, ինչը ոչ միայն անհանգստացնում է մարզի բնակիչներին, այլ նաև մարզում ստեղծում է ոչ աշխատանքային մթնոլորտ։ Լրատվական դաշտում կան բազմաթիվ նյութեր Կոտայքի մարզպետի՝ գյուղապետերի նկատմամբ իրականացրած ահաբեկիչ քայլերի վերաբերյալ, սակայն զարմանալի կերպով Ռոմանոս Պետրոսյանը հերքում է այդ լուրերը, հերքում է, որ համայնքապետերին «չորով» հրահանգել է հրաժարվել պաշտոններից և չենթարկվողներին ու բարձրաձայնողներին դատախազության միջոցով բանտ նստեցնելու սպառնալիքներ է հնչեցրել։ Ի գիտություն մարզպետի, բազմաթիվ թերթեր և կայքեր արդեն գրել են այս ամենի մասին։
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ համայնքապետերի հետ հանդիպումների ժամանակ նա բարիդրացիական զրույցներ է ունենում համայնքապետերի հետ և նրանցից շատերը հենց իրենց կամքով են հրաժարական տալիս։Կարծում եմ բոլորիս համար էլ պարզ է, որ եթե մի համայնքում բոլորը խոսում են նույն բանի մասին, ապա այն չի կարող սուտ լինել և մարզպետի ընտրած հերքման տարբերակը հերթական անգամ ապացուցում է, որ նա չի գիտակցում իրավիճակի լրջությունը։ Նման արարքները ծածկելը գրեթե անհնար է, քանզի ողջ մարզն է խոսում մարզպետի «սխրագործությունների» մասին։
Սակայն մարզպետը չի գիտակցում նաև, որ համայնքապետից, ում իր համայնքի բնակիչն է ընտրել, իրավունք չունի հրաժարական պահանջել և այս ամենը ի՞նչ է եթե ոչ ընտրողների իրավունքների ոտնահարում։
Ռոմանոս Պետրոսյանը հերքում է բոլոր այն լուրերը, որոնց մասին արդեն օրեր շարունակ գրում են զլմ-ները, հերքում է նաև այն, որ ինքը աղանդավորական կազմակերպության անդամ է։ Սակայն այս դեպքում էլ իրականությունը բացահայտելու համար բավական է գնալ Աբովյան քաղաք, որտեղ տարիներ շարունակ բնակվել է ներկայիս մարզպետը, ու հենց քաղաքի բնակիչներից տեղեկանալ այդ ամենի իսկության մասին։