Մոռացված քաղաքագետների «հայտնության» չստացված փորձերը
Լուսինե Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երբ երկրում որևէ քաղաքական իրադրություն է փոխվում, մի շարք քաղաքագետներ, ովքեր վաղուց հանրությանը երևալու փորձեր չեն արել, հայտնվում են, քաղաքական մտքեր արտահայտում, որոնք երբեմն զառանցանք են հիշեցնում։
Օրերս իր մոռացված անունը հիշեցնելու փորձով հանդես եկավ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, ով խոսեց հեղափոխության, հիմնական խնդիրների ու դրանց լուծման մասին։ Քաղաքականությունից բոլոր օլիգարխներին դուրս մղելու և որևէ բացառություն չանելու հարցը, չգիտես ինչու, առանցքային տեղ գրավեց Հմայակ Հովհաննիսյանիի խոսքում։ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով բացառություններ այս հարցում չպետք է լինեն անգամ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցում, ով ի տարբերություն Հմայակ Հովհաննիսյանի, իր մեծ ավանդն ունի հասարակության խնդիրների լուծման և զարգացման հնարավորությունների ներդրման գործում։
Միգուցե Հմայակ Հովհաննիսյանի հարցազրույցին հետևող որոշ մարդկանց հայտնի չէ, որ վերջինս, ով այսօր ասում է, որ Ծառուկյանը քաղաքականությունից պետք է հեռանա, տարիներ առաջ Գագիկ Ծառուկյանին խնդրել էր տեղ զբաղեցնել նրա ղեկավարած կուսակցության նախընտրական ցուցակում՝ պատգամավորական մանդատի արժանանալու համար: Բայց քիչ չեն նաև այն մարդիկ, ովքեր տեղյակ են այդ փաստից։ Մոռացե՞լ է այս մասին քաղաքագետը, թե ոչ դա հայտնի չէ, բայց դժվար կարողանար մոռանալ, որ անձնական և ընտանեկան խնդիրների ժամանակ անգամ դիմել էր Գագիկ Ծառուկյանին և ստացել նրանից օգնություն։ Այսքանից հետո նման կերպ արտահայտվելն առնվազն ստորություն է։
Ինչևէ, Հմայակ Հովհաննիսյանը չէ, որ պիտի կարծիք արտահայտի՝ ով մնա քաղաքականության մեջ և ով լքի այն, հատկապես, երբ դրա համար հիմքեր չկան։ Այս հարցազրույցն էլ կարելի է համարել սեփական անունը վերհիշեցնելու ձախողված փորձ, որի ժամանակ հաջողության հասնելու համար Հմայակը շրջանառության մեջ դրեց Գագիկ Ծառուկյանի անունը ։