Քննություններ այլեւս չպետք է լինեն. նախարար Արայիկ Հարությունյանը կաշխատի այդ ուղղությամբ
Armtimes.com-ը գրում է.
Հունիսի 12-ին, անցկացվեցին միասնական քննություններ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից: Մայրենիից քննություն հանձնելու համար Հայաստանում եւ Արցախում ընդհանուր առմամբ հայտագրվել է 2 508 դիմորդ: Միայն Հայաստանում՝ 2 234:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր առավոտյան այցելել էր Երեւանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն: Ի տարբերություն իրեն նախորդած առնվազն մի քանի նախարարների, Արայիկ Հարությունյանը քննական սենյակում գտնվող դիմորդների հետ ոչինչ չի խոսել, նրանց որեւէ կերպ չի դիմել: Շրջանավարտներից մեկը նկատեց, որ միասական քննությունների առաջին օրը եւս նախարար Հարությունյանը այցելել էր քննասենյակ եւ այնտեղ գտնվել մի քանի րոպե՝ դարձյալ լուռ:
Միասնական քննությունների կազմակերպչական աշխատանքներին առնչվող դժգոհություններ Արայիկ Հարությունյանը չունի: Քննությունների ընթացքը մեզ հետ զրույցում նա գնահատեց նորմալ: «Ամեն ինչ նորմալ է: Նախորդ անգամ երկու ֆեյսբուքյան գրառում էր եղել՝ քննությունների անցկացման կարգի հետ կապված: Խնդրել եմ, որ փաստերը ներկայացվեն՝ օրով, ժամով, որպեսզի ստուգենք մեր տեսախցիկներով: Փաստեր չեն ներկայացվել: Այնպես որ, ամեն ինչ նորմալ է: Հուսով եմ՝ այդպես էլ կշարունակվի»,- ասաց կրթության եւ գիտության նախարարը: Նա մանրամասնեց, որ նշված բողոքները վերաբերում էին քննությունների ընթացքի նկատմամբ թույլ վերահսկողությանը: «Հնարավոր է՝ նման դեպքեր արձանագրված լինեն, բայց կոնկրետ այս պահին փաստեր չունենք»,- հավելեց Արայիկ Հարությունյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում