Ովքեր էին ցուցարարների մատը կտրել սպառնացող երիտասարդները
Armlur.am-ը գրում է.
Ապրիլի 23-ին, մինչ Սերժ Սարգսյանը հրաժարական կտար, իշխող ՀՀԿ կողմնակիցները Շենգավիթ վարչական շրջանում բողոքի ակցիայի մասնակից վարորդների վրա «մատ թափ տալով» սպառնում էին կտրել նրանց մատները, եթե շարունակեն «սիգնալ տալ» եւ առհասարակ գնալ, մասնակցել ցույցին: Մեզ հասած լուրերի համաձայն` քաղաքացիների ճանապարհը փակած, սպառնալիքներ հնչեցնողները եղել են Երեւանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները:
Ինչպես հայտնի է` ապրիլի 23-ին Երեւան քաղաքում իրավիճակը թեժ էր: Բանն այն է, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում ձերբակալվեցին ԱԺ պատգամավորներ` «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը: Առաջնորդների ձերբակալումը հասարակությանը պայքարի նոր ալիք հաղորդեց, եւ ապրիլի 23-ին ՀՀ բոլոր մարզերից, տարբեր վարչական շրջաններից քաղաքացիները շտապում էին Հանրապետության հարպարակ` պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաեւ անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, ինչպես նաեւ այս օրերին «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիայի շրջանակներում ձերբակալված մյուս քաղաքացիներին:
Ու մինչ իշխանությունները եւ իրավապահ համակարգը խառնված էին իրար` հասկանալու համար, թե ինչպես ստեղծված իրավիճակից դուրս գալ, Ավան վարչական շրջանից Կենտրոն վարչական շրջան շտապող քաղաքացիները հայտնվել էին խնդրի առաջ: Նրանց ճանապարհը փակել էին մի խումբ տղաներ եւ հակառակ ցուցարարներին` բղավում էին. «Քայլ արեք, միացեք Սերժին»:
Երբ «Ազատության» լրագրողը հետաքրքվում է, թե ինչու են փակում մարդկանց ճանապարհը, հավաքված տղաները նշում են, թե շառ ես անում եւ մոտենալով վարորդներին` հայհոյում են` բարձրաձայն ասելով. «Սիգնալ չտաս, մատներդ կկտրեմ»: Նրանցից մեկն ակնոց եւ գլխարկ էր դրել, որպեսզի իրեն չճանաչեին: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ անձնավորությունը Սեւան Խաչատրյանն է, որը աշխատում է Երեւանի քաղաքապետարանում որպես քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության բաժնի պետ: Ի դեպ, երբ լրագրողը նրանից հետաքրքրվում է, թե ո՞վ է նա, կներկայանա, վերջինս նշում է, թե շարքային Գեղամն է:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում