Մահացած մեկամյա երեխայի ընտանիքը խնդրում է իրենց ողբերգությունը չդարձնել շահարկումների առարկա
Երևանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած մեկամյա երեխայի ընտանիքը խնդրում է իրենց ողբերգությունը չդարձնել անընդունելի շահարկումների առարկա և չքաղաքականացնել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ողբերգական ավտովթարից մահացած փոքրիկ Յուրի Պապովի ընտանիքի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Խնդրում ենք մեր ընտանիքի ողբերգությունը չդարձնել անընդունելի շահարկումներ առարկա և չքաղաքականացնել։ Ինչպես նաև պահանջում ենք չօգտագործել մեր փոքրիկի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի լուսանկարները՝ առանց թույլտվության և հորդորում ենք ենթադրությունների վրա հիմնված հրապարակումներ չկատարել։ Նախքան հայտարարությունը տարածելը փորձել ենք լրատվամիջոցների հետ անհատական կապ հաստատել և խնդրել, որպեսզի հեռացնեն նախկինում արված անհարկի հրապարակումները (ինչպես, օրինակ, blognews.am, yerevannews.am, comment.am, blog.mediamall.am, 168.am և այլ կայքեր), սակայն հաշվի առնելով դրանց արագընթաց տարածումը, անհրաժեշտ ենք համարում դիմել հանրությանն ու լրատվամիջոցներին և խնդրել, որպեսզի զերծ մնան մեր վիշտը էլ ավելի բորբոքելուց և այս թեման անհարկի շոշափելուց։
Տեղյակ ենք պահում նաև, որ եթե քրեական գործի ընթացքում կամ դրա ավարտից հետո հանրային աջակցության կարիք լինի, ինքներս կդիմենք հանրությանը»,- նշված է հայտարարության մեջ:
Երևանի Սարալանջի փողոցում ապրիլի լույս 24-ի գիշերը ողբերգական ավտովթարի պատճառ դարձած ավտովթարի մասնակիցը ներկայացել է ոստիկանություն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աշտարակում ապրող 27-ամյա Դավիթ Արզումանյանի վարած «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, աջ ընթանալով, բախվել բետոնե արգելապատնեշին։ Վարորդը, նրա ուղևորները, ովքեր ամուսիններ են, և նրանց 1-ամյա որդին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին համալսարանական թիվ 1 հիվանդանոց, որտեղից էլ փոքրիկը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Ապրիլի 26-ին, 1-ամյա Յուրին հիվանդանոցում մահացել է։ Պարզվել է, որ «Մերսեդեսին» հետևից հարվածել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով էլ Դավիթ Արզումանյանը կորցրել է մեքենայի կառավարումը և դուրս եկել երթևեկելի գոտուց։ «Օպելի» վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է։ Դեպքից ժամեր անց «Օպելի» վարորդը՝ մայրաքաղաքում ապրող 29-ամյա Սարգիս Գյուլումյանը, մեքենայով հանդերձ ներկայացել է ճանապարհային ոստիկանություն։