«Ես Սամվել Բաբայանն եմ ու «վսյո», ոչ մեկի հետ կապ չունեմ, ոչ մեկն էլ ինձ այստեղ չի ուղարկել, որ օրը ինձ ուղարկեն, ինձ կախելու եմ». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԼՂՀ ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանը «Փաստի» հետ զրույցում պնդում է, որ Սեյրան Օհանյանի դաշինքի և ցուցակի շուրջ որևէ բանակցություն չի վարում ու իրեն «կկախեր», եթե ռուսները իրեն Հայաստան ուղարկեին հեղաշրջում անելու:
Նշենք, որ մամուլում գրվել է, որ Սամվել Բաբայանը տարբեր կուսակցությունների հետ «Օհանյան» դաշինքին միանալու բանակցություններն անձամբ է վարում և այս օրերին այցելում է «դաշինքի» անդամ կուսակցությունների գրասենյակներ՝ փորձելով կուսակցապետերի հետ համաձայնեցնել «դաշինքի» նախընտրական ցուցակը, ինչը վրդովվեցրել է «դաշինքի» անդամ կուսակցությունների ղեկավարներին, որոնք անգամ մտածում են դադարեցնել համագործակցությունը «դաշինքի» հետ:
Ըստ մամուլի՝ Բաբայանն անգամ ոմանց ասում է, թե իրեն հատուկ ուղարկել են Մոսկվայից, որպեսզի օգնի Օհանյանին՝ երկրում հեղաշրջում իրականացնելու, քանի որ ռուսները «խաչ» են քաշել Սերժ Սարգսյանի վրա:
Այս առթիվ «Փաստը» մի քանի հարց ուղղեց Սամվել Բաբայանին:
– Պարոն Բաբայան, ճի՞շտ է, որ Դուք անձամբ եք «Օհանյան» դաշինքի ցուցակի հետ կապված բանակցություններ վարում, ինչը հարուցել է «Օհանյան» դաշինքին միացած կուսակցությունների զայրույթը:
– Ես էս գլխից փակեմ, որ ես ոչ մեկի հետ բանակցություն չեմ վարում, չեմ վարել, էդ ցուցակների, բանի հետ էլ որևէ կապ չունեմ, անկեղծ՝ կապ չունեմ: Եթե մեկն էլ ասում ա՝ անձամբ ես, և այլն, և այլն, դա արդեն ստերին շատ մոտ ա: Ես որևէ անգամ ոչ մի հարցի շուրջ՝ միավորում, ցուցակ, որևէ բանակցություն չեմ վարում, չեմ վարել ու չեմ էլ մտածում, որ պիտի վարեմ: Դրա համար կան կուսակցությունների ղեկավարներ, իրանք իրանց հարցերը լուծում են: Խնդրում եմ ինձ մի խառնեք էդ հարցին, ես չկամ:
– Իսկ Ձեր աջակցությունը Սեյրան Օհանյանին այդ դեպքում ո՞րն է, ի՞նչ եք անում:
– Բայց ո՞վ ա ասել, որ ես Օհանյանին աջակցում եմ, ես նման բան հայտարարե՞լ եմ: Երբ որ կհայտարարեմ, էդ ժամանակվանից էլ կխոսենք, դեռևս չեմ հայտարարել: Չգիտեմ՝ ես հլա ում եմ աջակցելու: Այ, երբ որ կլինի կուսակցությունների, դաշինքների վերջնական տեսքը, էդ ժամանակ էլ կհայտարարեմ ու բաց: Ես ոչ մի անգամ գաղտնի չեմ խաղացել:
– Բայց Դուք միացել եք, չէ՞ Սեյրան Օհանյանին:
– Չէ, ես ոչ մի տեղ չկամ, չգիտեմ՝ ինչից եք խոսում: Պարոն Բաբայանը ոչ մի ցուցակում չկա, ոչ մի կուսակցության մեջ չկա, ո՛չ դեպուտատի, ո՛չ պաշտոնի ակնկալիք չունեմ: Ես ունեմ երկրի նկատմամբ մտահոգություն, կտեսնեմ՝ որ ուժն է ռեալ էս ժողովրդի կողքին, նրան կօգնեմ:
– Ուզում եք ասել՝ Դուք Սեյրան Օհանյանի կողքին չե՞ք:
– Ես ոչ մեկի կողքին չեմ դեռևս: Ես իմ կողքին եմ, ինքս իմ կողքին ու վերջ:
– Այս ընթացքում դեռ չե՞ք կողմնորոշվել:
– Դեռ իրանք չեն թամամ կողմնորոշվել, ես որտեղի՞ց կողմնորոշվեմ: Իրանք կողմնորոշվե՞լ են բոլորը, տեսնո՞ւմ եք, որ կողմնորոշված են:
– Նաև ասվում է, որ Դուք շրջում ու ասում եք, թե Ձեզ ուղարկել են Մոսկվայից, որ օգնեք Օհանյանին՝ երկրում հեղաշրջում իրականացնել, քանի որ ռուսները խաչ են քաշել Սերժ Սարգսյանի վրա:
– Ես, որ ոչ մի կուսակցության բլոկի մեջ չկամ, ո՞նց եմ հեղաշրջում անում, կարո՞ղ եք պատկերացնել: Անկեղծ՝ կապ չունեմ որևիցե հեղաշրջման հետ, ռուսների հետ ոչ մի կապ չեմ ունեցել՝ ո՛չ էն վախտ, ո՛չ էսօր, ո՛չ վաղը: Ես Սամվել Բաբայանն եմ ու «վսյո», ոչ մեկի հետ կապ չունեմ, ոչ մեկն էլ ինձ չի ուղարկում: Որ օրը ինձ ուղարկեն, ինձ կախելու եմ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: