«Հրաչոս ասեց՝ մա ջան, գործերս շատ են, կներես, չեմ կարող խոսել, վերջին զանգս էր»
Armtimes.com-ը գրում է.
Երկու տարի առաջ՝ 2016 թվականի ապրիլի 3-ի լուսաբացը տագնապով բացվեց գյումրեցի Գալստյանների համար: Թալիշում թեժ մարտեր էին, իսկ ընտանիքի որդին՝ ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը, կնոջ՝ Անուշի հետ հենց այնտեղ էր ապրում, պայմանագրային զինծառայող էր:




«Ամուսինս զանգեց, թե Անո իմացել ես, Ղարաբաղ կռիվ է, ասեցի ո՞նց թե, ես նոր եմ Հրաչոյի հետ խոսել, բան չի ասել: Բայց պարզվում է, որ ես հենց էդ կռվի ժամանակ եմ խոսել, ինքը չպատմեց, թաքցրեց իրողությունը, ասեց՝ մա ջան, գործերս շատ են, կներես»:
Որդու ձայնը տիկին Անահիտին դուր չի եկել, եւ օրվա ընթացքում անընդհատ զանգել, խոսել է որդու հետ: «Վերջին անգամ խոսել եմ ապրիլի 3-ին՝ ժամը 5-ին, բայց մինչեւ երեկոյան 9 անց կես կապ ենք ունեցել հետը: Ես չգիտեմ՝ ինչու են անընդհատ գրում՝ զոհվել է ապրիլի 2-ին, ինքը մահացել է ապրիլի 3-ին՝ 22:30-ից 23-ի սահմաններում: Քրոջ հետ խոսել է, Անուշին էլ ասել է՝ ես անհասանելի չեզոք գոտի եմ գնում, մի զանգի, դա է եղել: Արդեն առավոտյան ժամը 6-ին անհասանելի էր»,- պատմում է Հրաչ Գալստյանի մայրը՝ տիկին Անահիտը:

«Պատերազմը սկսվեց ապրիլի մեկի գիշերը: Հրաչն էդ օրը ուշ էր եկել տուն, գիշերվա ժամը մեկն էր, դրսում, դռանը նստած էինք, ասի՝ Հրաչ, նայի, ոնց որ անօդաչու սարքեր լինեն երկնքում, ասեց՝ բան էլ չկա, աստղերն են: Բայց երեւի ինքն արդեն գիտեր: Ու կրակոցներ կային, բայց դա նորմալ բան է, վախենալու չէր, միշտ էլ լինում են կամաց կրակոցներ: Ես հենց Թալիշում եմ ծնվել ու մեծացել, բայց չեմ մտածել, որ էդքան վտանգավոր ա, հա, միշտ էլ իմացել ենք, որ թշնամին շատ մոտ է, բայց ոչ մի անգամ չենք մտածել, որ կարող է պատերազմ լինի, չենք վախեցել, սովորական մարդկանց նման ապրում էինք մեր առօրյայով: Էդ օրն էլ գնացինք քնելու: Մեկ էլ գիշերվա ժամը երկուսն էր, մամաս եկավ, թե՝ չեք լսո՞ւմ, որ կրակում են (Անուշի ծնողները Թալիշում նրանց տան հարեւանությամբ են ապրել-հեղ.): Ու հենց էդ պահին իրենք սնարյադով կրակեցին, տան ամբողջ պատուհանները փշրվեցին»,- պատմում է Հրաչի այրին՝ 19-ամյա Անուշ Օհանյանը:
Մեկ ժամի չափ տան ապահով սենյակում մնալուց հետո հղի Անուշին մոր ու եղբայրների հետ Հրաչը հասցնում է Թալիշի գյուղապետարան, որտեղ պատսպարված է եղել ողջ գյուղը: «Մինչեւ առավոտվա ժամը 6-ը շարունակվում էր էդ ամեն ինչը, գյուղացիներն մեքենաներ ունեին, բայց չէինք կարա դուրս գայինք, 1-ի գիշերվա լույս 2-ի լուսաբացին, կրակոցները շարունակվում էին, արդեն անհնար էր մնալը, ու էդ մորթված ծերերի մասին իմանալուց հետո արդեն վախենում էինք մնալ, 7-ի կողմերն էր, ամբողջ ժողովուրդը, մենք էլ հետները, դուրս եկանք գյուղից: Հրաչը մեզ ճանապարհեց, ինքը մնաց: Ես իրան ասեցի, արի գնանք էլի, մի մնա, ասաց, որ չի կարա իրա զինվորներին մենակ թողնի: Հայրենիքն ա նախընտրում»,- արցունքները խեղդելով՝ պատմում է Անուշը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում