Ամերիկաբնակ հայ երաժիշտների 3–րդ համերգը՝ սահմանամերձ գյուղերին օգնելու նպատակով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ապրիլի 14–ին Ամերիկայում բնակվող մեր երաժիշտ հայրենակիցները Լոս Անջելեսում բարեգործական համերգ կկազմակերպեն նվիրված Հայոց Ցեղասպանության 103–րդ տարելիցին ու Մարդու իրավունքների պաշտպանությանը:
Նախատեսվում է համերգից գոյացած հասույթն ուղղել հայաստանյան սահմանամերձ համայնքների երաժշտական դպրոցները երաժշտական գործիքներով ապահովելուն ու համալրելուն:
Համերգին կմասնակցեն Շուշան Հակոբյանը (դաշնամուր), Ռուբեն Աղիյանը (ջութակ), Վաղարշ Մարտիրոսյանը (բաս) և Քրիստինա Դավլաթյանը (սոպրանո):
Ինչպես «Փաստ»–ի հետ զրույցում նշեց դաշնակահար Շուշան Հակոբյանը՝ համերգի հասույթի մի մասը կտրվի որպես «Սահմանամերձ գյուղերի երաժշտական դպրոցներին օգնություն» ծրագրի շարունակություն՝ «Keep Armenian Borders Spiritually Strong»– «Հայկական սահմանը հոգեպես ուժեղ» նշանաբանով առաջնորդվելով:
Գումարի մի մասն էլ կուղղվի իրենց հետագա գործունեությանը, այն է՝ պրոպագանդելու հայկական դասական երաժշտությունը Նահանգներում:
Շուշանի խոսքով, այս համերգի ընթացքում տեղի կունենա իրենց՝ «Ունիսոն» դուետի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը՝ ջութակահար ու կոմպոզիտոր Ռուբեն Աղիյանի ստեղծագործություններով ու Շուշանի կատարումներով համալրված:
Ի դեպ, այս ձայնասկավառակի վաճառքից գոյացած գումարի 10%–ը նույնպես կուղղվի նույն ծրագրին:
Հիշեցնենք, որ Շուշանն ու իր ընկերները առաջին անգամ չեն բարեգործական համերգներ կազմակերպում: Առաջին համերգը տեղի էր ունեցել դեռևս երկու տարի առաջ, ապրիլյան պատերազմից հետո: Այն ժամանակ համերգ էր կայացել նաև Երևանում, և հավաքված գումարը երաժիշտները հանձնել էին ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված հինգ զինծառայողների ընտանիքներին։
Համերգ էին կազմակերպել նաև նախորդ տարի՝ այս անգամ արդեն նպատակը սահմանամերձ համայնքներին օգնելն էր: Համերգ էր կայացել և ԱՄՆ–ում և այստեղ: Այդ տարի երաժիշտների ջանքերով հավաքվել էր 800 ԱՄՆ դոլար ու 150 հազար դրամ, որով Տավուշի մարզի Աչաջուր համայնքի երաժշտական դպրոցի համար ձեռք բերեցին դուդուկ, դհոլ ու քանոն:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում