Արտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքի
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդեն 4-րդ օրն է լրանում, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 127/32 հասցեի 6 հարկանի բնակելի շենքում, որտեղ ապրող 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում երեխաներն ու առողջական խնդիրներ ունեցող մեծահասակները, հերթական անգամ հայտնվել են անօգնական վիճակում։
Օգոստոսի 17-ին, բնակիչները, ինչպես նաև երեխաները, մութ սենյակներից ու բակի խաղահրապարակից խնդրանքով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։Նրանք ասում էին. «Հարգելի Նիկոլ Փաշինյան, մեզ փրկեք էս մութ ու գորշ դարձած կյանքից։ 21-րդ դարում մենք 4-րդ օրն է մութն ընկնելուն պես չգիտենք ինչ անել։ Էլ չենք ասում, որ մեր շենքում կան մեծ թվով մեծահասակներ, ովքեր բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալու համար հատուկ սարքավորումներ միացնելու կարիք ունեն, սակայն 4-րդ օրն է զրկված ենք էլեկտրաէներգիայից ու հիմա իսկապես հայտնվել ենք քարե դարում։ Մենք գիտենք, որ ձեր մի հանձնարարականը բավական է, որպեսզի պատասխանատու ընկերությունը, որը տվյալ դեպքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն է, խնդիրը կարգավորի։ Մենք գիտենք, որ այստեղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ոչ մի մեղք չունի։ Էն որ ասում են՝ շան գլուխը թաղված է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տակ ու իրենք են մեղավոր, որ 250-ից ավելի քաղաքացիներ էս օրն են ընկել։ Պատկերացնո՞ւմ եք, ամառվա այս տապին ամբողջ սնունդը սառնարաններում փչացել է, այն թափել ենք։ Էդ հոսանք չլինելու պատճառով նասոսներն էլ չեն աշխատում ու ստիպված խանութներից ջուր ենք կրում, բերում, երեխաների հիգիենան հոգում։ Լվացք ենք ուզում անել, բայց դրա համար հոսանք է պետք, արդուկ է պետք։ Չգիտենք ինչ անել, դրա համար դիմում ենք ձեզ՝ վստահ լինելով, որ մեր հարցը վերջնականապես կլուծվի։ Նույնիսկ ուզում ենք դառնալ ՀԷՑ-ի հիմնական բաժանորդ ու այլևս գործ չունենանք «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ։Հիմա չգիտենք էլ, թե քանի օր կտևի էս մեր մութ ու գորշ, անլույս կյանքը»։
Երկաթգծից բնակիչներին ասել են, որ պատճառը վթարն է, սակայն բնակիչները պարզել են, որ դա սուտ է, ոչ մի վթար էլ չի եղել»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ