Դավիթ Տոնոյանը բացահայտեց՝ Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին եղել է էական և բազմակողմանի
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ գործարար և քաղաքական գործիչ Սամվել Կարապետյանի աջակցությունը Հայաստանի զինված ուժերին տարիներ շարունակ եղել է կարևոր և բազմազան։
Տոնոյանն այդ մասին խոսել է լրագրողների հետ զրույցում՝ ընդգծելով, որ աջակցությունը չի սահմանափակվել որևէ առանձին ժամանակահատվածով և շարունակվել է տարբեր փուլերում։
«Եղել է մինչև 2018թ․, եղել է 2018թ․-ից մինչև ռազմական գործողություններ, և հուսով եմ՝ հիմա էլ կա։ Բազմակողմանի և էական է եղել, կարծում եմ՝ բոլորդ հասկանում եք` իր կարողությունների շրջանակում կարելի է գնահատել բավականին օգտակար»,–հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։
Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է այնպիսի աջակցության, որն իր նշանակությամբ և ծավալներով զգալի դեր է ունեցել բանակի կարիքների ապահովման գործում։ Միևնույն ժամանակ նախկին նախարարը հրաժարվել է մանրամասնել, թե կոնկրետ ինչ ծրագրերի կամ նախաձեռնությունների մասին է խոսքը։
Տոնոյանը նշել է, որ այդ տեղեկությունների հրապարակումը նպատակահարմար չէ, քանի որ դրանք կարող են պարունակել պետական կամ ծառայողական գաղտնիք համարվող տվյալներ։
«Թե ինչ աջակցության մասին է խոսքը, չցանկացա մանրամասնել, քանի որ դա բավականին զգայուն տեղեկատվություն է, որը կա՛մ պետական, կա՛մ ծառայողական գաղտնիք է պարունակում»,–ասել է նա։
Պաշտպանության նախկին նախարարի այս գնահատականը փաստում է, որ Սամվել Կարապետյանի գործունեությունը Հայաստանի զինված ուժերին աջակցության ուղղությամբ գնահատվել է բարձր մակարդակում և ընդգրկել է տարբեր ժամանակահատվածներ։ Թեև աջակցության կոնկրետ դրսևորումները չեն հրապարակվում, Տոնոյանի խոսքերից պարզ է դառնում, որ այն եղել է ոչ միայն շարունակական, այլև նշանակալի՝ երկրի պաշտպանական համակարգի համար։