Եկեղեցու դեմ արշավը հասավ «Ֆրանսպրես»-ին
Հայ առաքելական եկեղեցու դեմ գործող իշխանությունների արշավը հասել է նաև աշխարհի առաջատար լրատվամիջոցներին։ Մինչ ԵԽԽՎ-ն միջանկյալ զեկույց է հրապարակում՝ եկեղեցուն մեղադրելով իբր քաղաքականությանը ներքաշվելու մեջ, աշխարհի ազդեցիկ 5 լրատվամիջոցներից մեկը՝ «Ֆրանսպրեսը», ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի վարած արշավին, նշել, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում պաշտոնանկ անել իր ամենախիստ քննադատներից մեկին՝ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդին՝ պնդելով, թե վերջինս խախտել է իր կուսակրոնության ուխտը և ունի երեխաներ։ AFP-ն նկատում է, որ անցյալ տարի հարավկովկասյան այս երկրի իրավապահ մարմինները ձերբակալել են ավելի քան մեկ տասնյակ հոգևորականների, այդ թվում՝ ազդեցիկ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին, ինչպես նաև միլիարդատեր, ընդդիմադիր գործիչ Սամվել Կարապետյանին՝ նրանցից մի քանիսին մեղադրելով Փաշինյանի տապալմանն ուղղված դավադրության մեջ։
Մեղադրյալները հերքում են այս մեղադրանքները։ «Այս ձերբակալությունները ցնցել են Իրանին ու Թուրքիային սահմանակից, շուրջ 3 միլիոն բնակչություն ունեցող և խորը քրիստոնեական արմատներով Հայաստանը։ Դրանք հանգեցրել են Փաշինյանի և երկրի ամենահարգված կառույցներից մեկի միջև բախմանը, որը տեղի է ունեցել հունիսին սպասվող ընտրությունների նախաշեմին։ Գործակալության հետ զրուցած հայ քրիստոնյաները նշել են, որ պետական մարմիններն անհիմն պնդումներ են անում, չափից ավելի են միջամտում Եկեղեցու գործերին և անվայել արտահայտություններ են թույլ տալիս Կաթողիկոսի հասցեին»,– ասվում է հրապարակման մեջ։
Գործակալությունը շեշտում է, թե Փաշինյանն ու նրա կողմնակիցները կարծում են, որ Եկեղեցին կապված է Ռուսաստանի հետ, իսկ ընդդիմությունը կարող է Հայաստանը ներքաշել Ադրբեջանի հետ նոր պատերազմի մեջ։ Իր հերթին, ընդդիմությունը Փաշինյանին մեղադրում է ժողովրդավարական հետընթացի և Եկեղեցու անկախությունը խարխլելու փորձերի մեջ։ Բնականաբար, այս հրապարակումները ահռելի մեծ տարածում են ստանում ողջ աշխարհում՝ իջեցնելով թե՛ Հայաստանի իշխանությունների և թե՛ անգամ մեր պետության վարկանիշը, և Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի գործադրած ջանքերը ոչ այլ ինչ են, քան Հայաստանի և հայկական պետականության հիմքերը խարխլելու փորձ, ուստի «Ֆրանսպրես»-ի այս հրապարակումը ևս պետք է համարել չափազանց լուրջ ազդակ և հարված։
Մինչդեռ փաշինյանական իշխանությունը հանդարտվելու որևէ մտադրություն չունի։ Ընդհակառակը, մտադիր է շարունակել Հայ առաքելական եկեղեցու և նրա առաջնորդի դեմ իր գործողությունները՝ արդեն խորհրդարանական ընտրություններից հետո։ Ժամանակին ամեն կիրակի պատարագի մասնակցող Փաշինյանն արդեն ամիսներ շարունակ որևէ եկեղեցի չի մտել, ինչը փաստում է, որ նրա քրիստոնյա լինելու մասին պնդումները, մեղմ ասած, անլուրջ են։
Սոնա Գալստյան