«Ժառանգությունը» դեռ չի որոշել, իսկ Դեմկուսը պատրաստ է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հացադուլի պատճառը միայն ԿԸՀ–ի կողմից զավեշտալի հիմնավորմամբ պատասխանը չէ: Նա ցանկանում է երկիրը երկիր դարձնելու համար բոլորին հիշեցնել, որ Հայաստանը «լյովիկներին, ռոբիկներին կամ սերժիկներին» չի պատկանում, այլ ազատ երկիր է, որտեղ բոլորը հավասար են օրենքի առջև և որտեղ իրավունքը ամենաբարձրագույն արժեքն է:
«Մեզ պետք է փոխել այս իրավիճակը, և այս հարցում մեզ հակադրվողները հակադրվում են ոչ թե մեզ, այլ հակադրվում են իրենց երեխաների ապագային: Այսինքն, ողջախոհությունը մարդու համար է, մանավանդ պետական պաշտոնյայի համար: Եվ կարծում եմ, որ հրամաններ կատարելիս անգամ պետք է մտածես քո արժանապատվության մասին»,– ասում է Պարույր Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդի այս քայլին միացել է նաև Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը՝ իր կուսակցությունով: Նրանք նույնպես կարծում են, որ նոր Սահմանադրությամբ շատ բաներ աղավաղվել են, ինչն առավել տեսանելի դարձավ ընտրությունների ժամանակ:
«Եվ այն իրավունքները, որոնք իբր թե տրված են նոր Սահմանադրությամբ, դրանք իրականացնելու հնարավորություն չկա: Այսինքն, ամենագլխավոր հարցը հենց սա է, որ կարելի է բոլոր իրավունքներով օժտել մարդուն, բայց հասանելի հնարավորություններ չտրամադրել: Հարց է ծագում, թե այդ դեպքում ո՞րն է պետության դերը: Ուզում եմ հիշեցնել նաև, որ ժամանակին՝ 91–92 թվականներին նույն Հանրապետականը մեր կուսակցության հետ ստորագրահավաքին էր մասնակցում Լ. Տեր–Պետրոսյանին իմպիչմենտ հայտարարելու համար: Չնայած կեսից փախան և իշխող կոալիցիայի կազմում հայտնվեցին, բայց ուզում եմ ընդգծել, որ մենք մշտապես մեր սկզբունքին հավատարիմ ենք եղել»,– ասաց Ա. Սարգսյանը:
Ընդդիմադիր մեկ այլ՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ «Փաստի» թղթակցին տեղեկացրեց, որ իրենք նույնպես ողջունում են Հայրիկյանի այդ նախաձեռնությունը, բայց միանալու մասին ոչինչ ասել չի կարող, քանի որ կուսակցությունում այդ հարցը չի քննարկվել:
«Կուսակցության անունից ոչինչ ասել չեմ կարող, քանի որ այդ հարցը դեռևս չի քննարկվել նիստի ժամանակ: Չեմ կարող ասել, թե երբ կքննարկվի ու ինչ որոշում կկայացվի: Այս պահին իմ կողմից միայն կարող եմ ասել, որ ողջունելի է, երբ կուսակցությունները , քաղհասարակությունը պայքարում են սեփական իրավունքների համար»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում