Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան
Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը, որը վերջերս հանդես էր գալիս «Սան Պաուլուի» կազմում, 34 տարեկանում ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան։ Այս մասին տեղեկացնում է բրազիլական ակումբի պաշտոնական կայքը։
«Ես ցանկանում էի ավելին անել «Սան Պաուլուի» համար և նախատեսում էի շարունակել ելույթներս։ Կարծում եմ՝ ունեի և՛ ֆուտբոլային կարողություններ, և՛ համապատասխան տարիք կարիերաս շարունակելու համար, բայց, ցավոք, այսպես դասավորվեց։ Այժմ ես ավարտում եմ կարիերաս և սատարելու եմ «Սան Պաուլուին»՝ որպես երկրպագու։
Այս ակումբում ես եզրափակում եմ մի կարիերա, որն ինձ տարել է աշխարհի բազմաթիվ անկյուններ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին անմնացորդ սիրո համար, ինչպես նաև «Սան Պաուլուի» բոլոր երկրպագուներին, որոնք աջակցել են ինձ վերադարձիցս ի վեր և այն դժվարին շրջանում, որով հիմա անցնում եմ»,- Օսկարի խոսքն է մեջբերում բրազիլական ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին մարզաբազայում պլանային բուժզննման ժամանակ ֆուտբոլիստը կորցրել էր գիտակցությունը, ինչից հետո բժիշկները նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ էին ախտորոշել։
Օսկարը լոնդոնյան «Չելսիի» կազմում հանդես է եկել 2012-ից 2017 թվականներին՝ դառնալով Անգլիայի չեմպիոն։ Իր մարզական ուղու ընթացքում բրազիլացին պաշտպանել է նաև «Ինտերնասիոնալի» և չինական «Շանհայ Պորտի» գույները։ Նա հանդիսանում է հենց «Սան Պաուլուի» սան։