Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Армянская церковь под давлением. Армяне обращаются во Всемирный совет церквейПоздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с ПасхойIDBank предоставит стипендии на сумму 35 миллионов драмов 103 арцахским студентам Ереванского государственного университета ВТБ (Армения) упростил процесс автокредитования на первичном рынке Геополитическое балансирование — на «нитке». «Паст»Одним из главных рисков выборов является распыление голосов. «Паст»С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»А где же человечность? «Паст»Жители Тигранашена не имеют права собственности и живут в постоянном ощущении угрозы (Видео)Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущегоАрмия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного векаЮнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF) NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против ИранаБезопасная среда - ровные возможностиРазъяснение: Почему 18-летнего арестованного Давида Минасяна перевезли из УИУ «Армавир» в УИУ «Абовян»?Юнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF)Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянсАмериканский сенатор заявил, что США проигрывают кампанию против ИранаШеф Пентагона уволил еще двух высокопоставленных военачальников армии СШАТигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости Арестовать весь армянский народ не получится: «Паст»IDBank получил награду Commerzbank STP Excellence Award 2025«В Армении идёт тенденция к ухудшению обстановки» Аршак Карапетян Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»Десантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Международная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковАрмянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионе
Политика

Դրական տեղաշարժերի հետ՝ տնտեսության կայուն և որակական աճի խոչընդոտներ, վտանգավոր միտումներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականը Հայաստանի տնտեսության համար դարձավ միաժամանակ բարդ ու բազմաշերտ ժամանակաշրջան, որը բնորոշվում է ինչպես դրական զարգացումներով, այնպես էլ լուրջ մարտահրավերներով ու կառուցվածքային ռիսկերով։ Տարվա ընթացքում տնտեսական համակարգում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք էական ազդեցություն ունեցան ոչ միայն ընթացիկ ցուցանիշների, այլև երկարաժամկետ զարգացման հեռանկարների վրա։ Գործընթացները հիմնականում պայմանավորված էին տարածաշրջանային և միջազգային տնտեսական ու քաղաքական փոփոխություններով, ներքին կառուցվածքային շարժերով, ինչպես նաև համաշխարհային շուկաների անկայունությամբ ու նոր տնտեսական օրակարգերի ձևավորմամբ։

Տնտեսական դաշտի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2025 թվականին շարունակվեց նախորդ տարիների համեմատաբար բարձր տնտեսական ակտիվության միտումը, սակայն դրա հիմքում արդեն հայտնվեցին որակական փոփոխություններ և լուրջ դանդաղումներ նկատվեցին առանձին ոլորտներում, իսկ տնտեսության կառուցվածքային խնդիրները գնալով ավելի են խորանում։

Տարվա սկզբից շարունակվեց տնտեսական ակտիվության աճի ընդհանուր տեմպը, ինչը արտացոլվեց տարեկան մոտ 8 % ցուցանիշով, սակայն թվային այս աճը չպետք է մոլորեցնի. մակրոտնտեսական ակտիվության բարձր մակարդակն ուղեկցվում էր ոլորտային անհամաչափություններով, որոնք ընդգծեցին տնտեսության կառուցվածքային խոցելիությունները։ Առավելապես աճ գրանցվեց ծառայությունների և շինարարության ոլորտներում։ Ծառայությունների ոլորտը շարունակեց մնալ տնտեսության շարժիչ ուժերից մեկը, որտեղ նկատվեց ոչ միայն ծավալների ավելացում, այլև նոր բիզնես մոդելների, թվային ծառայությունների և տեղեկատվական ոլորտի զարգացման միտումներ։ Հատկապես թվային տնտեսության զարգացումը, ՏՏ ոլորտի ծառայությունների արտահանումը և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում նորարարական լուծումների ներդրումը նպաստեցին ոլորտի մրցունակության բարձրացմանը։ Շինարարության ոլորտում նույնպես արձանագրվեց տպավորիչ աճ՝ պայմանավորված թե՛ բնակարանաշինության, թե՛ ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ակտիվացմամբ։ Կառավարության կողմից իրականացվող խոշոր ենթակառուցվածքային նախագծերը, ճանապարհաշինության, էներգետիկայի և կապի ոլորտներում ներդրումային ծրագրերը ապահովեցին ոլորտի արագ աճ, ինչը նաև դրական ազդեցություն ունեցավ հարակից ճյուղերի զբաղվածության վրա։ Էներգետիկ ոլորտում ևս շարունակվեց աճի միտումը՝ պայմանավորված ինչպես ներքին սպառման ընդլայնմամբ, այնպես էլ որոշակի նոր ներդրումային ծրագրերի իրագործմամբ։ Հատկապես կարևոր էր վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը, որտեղ պետությունը և մասնավոր հատվածը շարունակեցին որոշակի քայլեր ձեռնարկել նոր հզորությունների ստեղծման՝ մասնավորապես արևային և հողմային կայանների կառուցման ուղղությամբ։ Այս գործընթացները համապատասխանում էին միջազգային կլիմայական օրակարգին և նպաստում էին էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև տնտեսության դիվերսիֆիկացմանը։

Սակայն մակրոտնտեսական ակտիվության աճի ֆոնին 2025 թվականի ընթացքում առավել սուր դարձան արդյունաբերության և առևտրի ոլորտների խնդիրները։ Արդյունաբերության ոլորտում արձանագրվեց ոչ միայն աճի դանդաղում, այլև որոշակի անկում, որն իր մեջ պարունակում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնների ազդեցություն։ Արտադրական հատվածը բախվեց հումքի և սարքավորումների ներմուծման հետ կապված գների բարձրացման, լոգիստիկ խոչընդոտների, աշխատուժի պակասի և տեխնոլոգիական թարմացման անհրաժեշտության խնդիրներին։ Հատկապես բացասական էր արտահանման ծավալների հետ կապված արդյունաբերական ճյուղերի վիճակը, քանի որ տարածաշրջանային շուկաներում և միջազգային գործընկերների հետ հարաբերություններում նկատվեց պահանջարկի տատանում, ինչպես նաև լոգիստիկ և մաքսային խնդիրների խորացում։ Արդյունքում, արտադրական ոլորտում աշխատատեղերի պահպանման և կապիտալ ներդրումների ներգրավման հարցերը դարձան առաջնահերթ։

Առևտրի ոլորտում նույնպես նկատվեց աճի զգալի դանդաղում։ Ներքին առևտրի շրջանառությունը պակասեց, իսկ արտաքին առևտրի ոլորտում արձանագրվեց հատկապես արտահանման ծավալների անկում։ Այս իրավիճակը պայմանավորված էր ինչպես համաշխարհային շուկաներում գնային տատանումներով, այնպես էլ տարածաշրջանային առևտրային հարաբերությունների անորոշությամբ և գործընկեր երկրների տնտեսական խնդիրներով։

Հատկապես զգալի ազդեցություն ունեցավ Ռուսաստանի Դաշնության տնտեսական իրավիճակի փոփոխությունը, որն ավանդաբար Հայաստանի արտահանման հիմնական ուղղությունն է։ ՌԴ-ում տնտեսական անկայունությունը, արևմտյան պատժամիջոցների խստացումը և լոգիստիկ ուղիների սահմանափակումները հանգեցրին արտահանման ծավալների նվազման, ինչը ևս բացասաբար անդրադարձավ առանձին ոլորտների արտադրողականության և եկամուտների վրա։

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2025 թվականին կտրուկ նվազեց՝ հիմնականում վերաարտահանման ծավալների կրճատման պատճառով: Առաջին կիսամյակում այն կազմեց 3,4 մլրդ դոլար՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի 7,5 մլրդ դոլարի համեմատ: Տասն ամիսների ընթացքում՝ հունվար-հոկտեմբեր, ծավալը հասավ 5,72 մլրդ դոլարի՝ 47,8 %-ով ավելի քիչ, քան նախորդ տարի: Այս ամենը նշանակում է, որ ՀՀ տնտեսության առաջ փակվեցին վերաարտահանման ընձեռած հնարավորությունները։ Չնայած ՀՀ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե արտաքին շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ որոշակի քայլեր են ձեռնարկվում, սակայն դրանք դեռևս չեն ապահովում անհրաժեշտ արդյունք։ Մյուս կողմից էլ՝ եվրոպական, ասիական և մերձավորարևել յան շուկաներ մուտքի հարցում առկա են իրավական, տեխնիկական, որակի և մրցունակության խնդիրներ։

Տնտեսության կառուցվածքային խնդիրներից բացի, 2025 թվականին շարունակեց սրվել նաև աշխատուժի մատչելիության և որակավորման հարցը։ Միգրացիոն հոսքերի աճը, հատկապես երիտասարդ և բարձր որակավորում ունեցող աշխատուժի արտահոսքը շարունակեցին պայմաններ ստեղծել տնտեսության մի շարք ճյուղերում նվազ արտադրողականության պահպանման վրա։ Այս միտումը բացասաբար անդրադարձավ հատկապես արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների վրա, որտեղ որակյալ մասնագետների պակասը դարձել է լուրջ խոչընդոտ նորարարական նախագծերի և արտադրական գործընթացների զարգացման համար։ Մյուս կողմից էլ՝ կրթական համակարգի և աշխատաշուկայի պահանջարկի միջև շարունակվող անհամապատասխանությունը, մասնագիտական վերապատրաստման ու շարունակական կրթության ինստիտուտների թերությունները խոչընդոտում են տնտեսության արդիականացմանն ու մրցունակության բարձրացմանը։

Տարվա ընթացքում նկատվեց գնաճային ճնշումների պահպանում, ինչը պայմանավորված էր ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով։ Համաշխարհային շուկաներում սննդամթերքի, հումքի և էներգակիրների գների տատանումները, ինչպես նաև ներմուծման լոգիստիկ ծախսերի բարձրացումը հանգեցրին ներքին շուկայում գների աճի շարունակությանը։ Գնաճն, իր հերթին, նվազեցրեց բնակչության գնողունակությունը՝ հատկապես ցածր եկամուտ ունեցող խմբերի շրջանում, ինչը նաև բացասաբար անդրադարձավ ներքին սպառման և տնտեսական ակտիվության վրա։ Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերը մասամբ մեղմեցին սոցիալական լարվածությունը, սակայն գնաճի երկարաժամկետ ազդեցությունները շարունակում են մնալ կարևոր մարտահրավեր։

Հարկ է նշել նաև, որ 2025 թվականին ֆինանսական ոլորտը ցուցաբերեց համեմատաբար կայունություն՝ շնորհիվ ֆինանսական վերահսկողության խստացման, բանկային հատվածի կապիտալիզացիայի և թվային տեխնոլոգիաների ներդրման։ Ֆինանսական ծառայությունների հասանելիության բարելավումը, վարկավորման նոր գործիքների զարգացումը և փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորման ընդլայնումն ունեցան որոշակի դրական ազդեցություն հատկապես տնտեսության նորարարական հատվածների և մեկնարկային ընկերությունների համար։ Սակայն ֆինանսական համակարգը շարունակում է բախվել արտարժութային շուկայի տատանումների և միջազգային կապիտալ շուկաների անկայունության հետևանքով առաջացած ռիսկերին, ինչը պահանջում է շարունակական վերահսկողություն և ռիսկերի կառավարման նոր մեխանիզմների ներդրում։

Տնտեսության զարգացման դրական միտումներից կարելի է առանձնացնել նորարարական ոլորտների ակտիվացումը, տեխնոլոգիական ստարտափների աճը և միջազգային համագործակցության ընդլայնումը։ Հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների և ստեղծագործական արդյունաբերության ոլորտներում նկատվում է նոր ընկերությունների ձևավորում, արտահանման ծավալների ավելացում և միջազգային կապերի ամրապնդում։

Միևնույն ժամանակ, տնտեսական զարգացումների վրա էական ազդեցություն ունեցան արտաքին և ներքին քաղաքական իրավիճակները։ Տարածաշրջանային անվտանգության ռիսկերը, հարևան երկրների հետ հարաբերություններում անորոշությունները, ինչպես նաև միջազգային տնտեսական և քաղաքական ճնշումները որոշակիորեն սահմանափակեցին տնտեսական ակտիվության և ներդրումային հոսքերի ծավալները։ Տնտեսության համար առաջնահերթ դարձավ արտաքին շուկաների դիվերսիֆիկացումը, նոր գործընկերությունների որոնումը և արտահանման աշխարհագրության ընդլայնումը։ Սակայն այս ուղղությամբ ևս առկա են լոգիստիկ, իրավական և որակի վերահսկողության խնդիրներ, որոնք պահանջում են համակարգված լուծումներ։

2025 թվականի ընթացքում բացասական գործընթացների շարքում առանձնացան նաև բնապահպանական խնդիրները, էներգետիկայի համար անհրաժեշտ ռեսուրսների արդյունավետության ու տնտեսման խնդիրները, ինչպես նաև գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը։ Կլիմայական փոփոխությունների ազդեցությունը, ջրային պաշարների կառավարման մարտահրավերները և գյուղատնտեսական արտադրության տեխնոլոգիական հետընթացը խոչընդոտեցին ոլորտի կայուն զարգացմանը և գյուղական բնակչության կենսամակարդակի բարձրացմանը։

Ընդհանուր առմամբ, 2025 թվականը Հայաստանի տնտեսության համար դարձավ ներքին վերափոխումների, կառուցվածքային մարտահրավերների ըմբռնման և նոր ռազմավարական մոտեցումների ձևավորման տարի։ Չնայած մակրոտնտեսական ակտիվության պահպանմանը, ոլորտային անհամաչափությունները, արտահանման և արդյունաբերության դանդաղումը, աշխատուժի որակավորման և միգրացիայի հետ կապված խնդիրները, գնաճային ճնշումները և արտաքին շուկաների սահմանափակումները շարունակում են խոչընդոտել տնտեսության կայուն և որակական աճին։

Տարվա արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանի տնտեսության կայունությունն ու աճի ներուժը կախված են կառուցվածքային խնդիրների լուծման ուղղությամբ խորքային բարեփոխումներից, արտաքին և ներքին ռիսկերի արդյունավետ կառավարման կարողությունից և տնտեսության արդիականացման համապարփակ մոտեցումից, ինչը պետք է դառնա առաջիկա տարիների տնտեսական քաղաքականության առանցքը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում