Տվյալների վրա հիմնված որոշումների կայացման հմտություններ՝ դպրոցների կառավարման համար
Դեկտեմբերի սկզբից Վանաձորում, Երևանում և Կոռնիձորում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը կազմակերպեց Տվյալահեն Առաջնորդության աշխատարանները, որոնց մասնակցեցին ընդհանուր ՈՒսուցիչների առաջնոդրության ծրագրի և Սերունդ դպրոցների 45 տնօրեններ և փոխտնօրեններ տարբեր մարզերից:
Երևանի Տնօրենների «Տվյալահեն Առաջնորդություն» աշխատարանի շրջանակում քննարկմանը մասնակցեց նաև ՀՀ ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ով անդրադարձավ դպրոցներում տվյալների հավաքագրման նպատակին՝ շեշտադրելով, որ տվյալները պետք է ծառայեն ոչ թե վերահսկողության, այլ ուսումնառության որակի բարելավմանը։
Նրա խոսքում առանցքային էր այն գաղափարը, որ տվյալահեն ուսուցումը հնարավորություն է տալիս առաջնորդել ուսումնառությունը փաստերի և վերլուծության հիման վրա՝ ապահովելով նպատակային, արդար և զարգացմանն ուղղված որոշումներ։
Աշխատարանի նպատակն էր աջակցել դպրոցների ղեկավարներին՝ զարգացնելու տվյալների վրա հիմնված որոշումների կայացման հմտությունները, խորությամբ ուսումնասիրելու, Ուղիղ հրահանգումով դասավանդման (ՈւՀԴ) մոդելը և հասկանալու, թե ինչպես կիրառել դրանք դպրոցներում ուսուցման և ուսումնառության որակի բարձրացման համար։
Մասնակից տնօրենները ծանոթացան կրթական տվյալների հավաքագրման և վերլուծության գործիքներին, քննարկեցին իրական դպրոցական խնդիրներ և ձևակերպեցին կոնկրետ գործողություններ։Տնօրենները սովորեցին նաև, թե ինչպես կառուցել տվյալահեն մշակույթ ուսուցիչների և սովորողների շրջանում և իրականացրին նաև գործնական վարժություններ, աշխատեցին փոքր խմբերով և փոխանակեցին փորձը։
Այս միջոցառումները նպաստեցին ՈՒսուցիչների առաջնորդության ծրագրի և Սերունդ դպրոցների տարբեր համայնքների տնօրենների մասնագիտական զարգացմանը, գործընկերության ամրապնդմանը և միասնական պատկերացման ձևավորմանը այն մասին, թե ինչ է նշանակում տվյալահեն առաջնորդություն դպրոցում։