Սարգսյանի նուրբ ակնարկը Կարապետյանին՝ ՀՅԴ բերանով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մամուլում այսօր քննարկվող հիմնական թեմաներից մեկը ՀՅԴ բյուրոյի անդամ, կուսակցության առանցքային գործիչներից մեկի՝ Հրանտ Մարգարյանի այն դիտարկումն է, որ չնայած որոշակի ակտիվացմանը, հասարակության սոցիալական վիճակը չի բարելավվել, բեկումնային փոփոխություններ չեն զգացվում:
ՀՅԴ–ն Կարապետյանի հետ լարված հարաբերություններ ունեցել է ամենասկզբից: Չնայած երկու կողմերն էլ հրապարակավ խուսանավում են այդ մասին խոսել, բայց միմյանց դեմ տեղեկատվական ակնարկների առատությունը թույլ է տալիս ենթադրել, որ նմանատիպ լարվածություն ամեն դեպքում կա:
Լարվածության մեխն այն է, որ ՀՅԴ–ն կոալիցիա է մտել ըստ էության ոչ թե Կարապետյանի, այլ Սարգսյանի հետ: Ավելին՝ ապագայում վարչապետի ընտրության հարցը Դաշնակցությունը լիովին զիջել է մեծամասնություն ունեցող ՀՀԿ–ին: Այսինքն, փաստացի հայտնվել է Սերժ Սարգսյանին նաև առաջիկայում թիվ մեկ գործիչը համարողների շարքում:
Հրանտ Մարգարյանը, ով ի տարբերություն այլ դաշնակցականների, կառավարության անդամ չէ, այս իմաստով ավելի ազատ է դիտարկումներ անել: Առաջին անգամը չէ, որ Մարգարյանի խոսքերում քննադատություն է հայտնվում կառավարության գործունեության նկատմամբ: Հավանաբար թե՛ ՀՅԴ–ն, թե՛ Սերժ Սարգսյանը՝ ՀՅԴ միջոցով փորձում են վարչապետին նուրբ ակնարկներ հասցնել այն մասին, որ նրա լավատեսությունն անտեղի է, ու որ նա վարչապետության հեղափոխական մեկնարկը ձախողել է:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում