Լազր Գալստյանի ստեղծած հայալեզու խաղը մնում է ամենահետաքրքիրների ու պահանջվածների շարքում
Ծնունդով Երևանցի Լազր Գալստյանը, ստեղծել է ինտելեկտը զարգացնող, հիշողությունն ամրապնդող հայալեզու մի խաղ, որի պահանջարկն առավել քան արդիական էր: Այս Խաղի անգլերեն տարբերակի ստեղծման գաղափարն առաջացել է ծրագրավորող Ջոշ Ուորդլի մոտ 2020 թ.-ին՝ համավարակի շրջանում: Սկզբում այն խաղացել են բացառապես Ջոշն ու նրա ընկերուհին, այնուհետև ընկերներն ու բարեկամները: 2020 թ.-ի նոյեմբերի վերջին Ջոշի նախաձեռնությամբ խաղը հայտնվել է համացանցում: Մի քանի օրվա ընթացքում խաղացողների թիվը հասել է 300 հազարի: Դեկտեմբերի կեսերին խաղացողների թիվը հասել է արդեն 2 միլիոնի: 2021 թ.-ի հունվարին ծրագրավորողը խաղը վաճառել է Նյու Յորք Թայմսին մի քանի միլիոն դոլարով: 2022 թ.-ին Wordle-ը դարձել է Գուգլում ամենաշատ փնտրված բառը:
Թեև համավարակը նահանջել է, սակայն Հայաստանում և առհասարակ հայալեզու մարդկանց շրջանում Լազրի ստեղծած առաջին հայալեզու խաղը մնում է ամենահետաքրքիրների ու պահանջվածների շարքում, որի լսարանը աճում է դպրոցհասակներից մինչև տարեցներ: Խաղ մուտք գործելիս էկրանին հայտնվում են տառեր, և, օրինակ՝ հինգ տառանոց բառը գուշակելու համար անձն ունենում է վեց հնարավորություն: Մինչ խաղի ստեղծելը հայերս դժգոհում էինք, որ հայերենով քիչ են տրամաբանական խաղերը և հաճախ ստիպված էինք լինում օտար խաղերի օգնությանը դիմելու, բայց այս պարագայում մեր հայրենակցի շնորհիվ ունենք Wordle-ի հայերեն տարբերակը:
Լազր Գալստյանը ծնունդով Երևանցի է, բարձրագույն կրթությունն է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանում, ապա մասնագիտական գիտելիքներն ամրապնդել է Միացյալ Նահանգներում: 2019-2020 թթ. սովորել է Դյուկի համալսարանում (Duke University)՝ ստանալով մագիստրի աստիճան բիզնես անալիտիկա ուղղությամբ: 2022 թ.-ից մինչ օրս որպես տվյալագետ աշխատում է Warner Bros Discovery ընկերությունում: