Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield
Politics

«Ստեղծում են տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորությունը և ԵՄ-ին անդամակցելու օրինագիծը դեռևս խոսակցությունների մակարդակում են, այսինքն՝ խոսում ենք որոշակի ապագայի մասին, բայց այսօր կառավարության կողմից այդ օրինագծին հավանություն տալով՝ ֆոնային մարտահրավերների փունջ է ձևավորվում: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:

«Ընդ որում՝ այդ մարտահրավերները կարելի է տարանջատել քաղաքական և տնտեսական առումով՝ հատկապես տնտեսվարողների և Հայաստանի տնտեսական քաղաքականություն մշակողների համար: Առաջին՝ քաղաքական առումով: Այս իշխանությունը մեկ անգամ չէ առանձնացել իր այն թեզով, որ քաղաքականությունը և տնտեսությունը պետք է տարանջատել նույն ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ կապված: ՀԱՊԿ-ում կա անդամակցության սառեցում, բայց ԵԱՏՄ-ի հետ առկա են ակտիվ փոխգործակցություն, տնտեսական շփումներ և այլն: Աշխարհի պրակտիկան քաղաքականությունը և տնտեսությունը տարանջատելու փորձեր ունի:

Կարող ենք ներկայացնել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները, բայց այդտեղ հստակ առանձնահատկություններ կան, այդ օրինակը Հայաստանի և ԵԱՏՄ-ի պարագայում համադրելի չէ՝ հաշվի առնելով Չինաստանի և ԱՄՆ-ի տնտեսությունների մասշտաբները և փոխադարձ կախվածության մակարդակը՝ համեմատելով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից կախվածության մակարդակին: Մեր իրողությունների պարագայում քաղաքականությունը տնտեսությունից տարանջատելու փորձերն առնվազն բավական լուրջ մարտահրավերներ և ռիսկեր են պարունակում, այդ թվում՝ տնտեսական խողովակներն արդյունավետ աշխատեցնելու առումով: Միայն այս պրոցեսով, այդ օրինագծին հավանություն տալով, այս իշխանությունների՝ դեպի Արևմուտք ձգտելու անթաքույց քաղաքականությամբ ռազմավարական դաշնակցի, ԵԱՏՄ առաջատար տնտեսության՝ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ քաղաքական լարվածության լրացուցիչ ֆոն ենք ստեղծում:

Երկրորդ՝ տնտեսվարողների մասով: Տնտեսվարողը տասնամյակներ ի վեր գործարար կապեր է հաստատել եվրասիական շուկայի տնտեսվարող սուբյեկտների հետ, երկարաժամկետ պայմանավորվածությունների, պայմանագրերի, գործարար հարաբերությունների համատեքստում նա իր պետությունից մեսիջ է ստանում, որ հնարավոր է՝ տնտեսական ուժ և ուղղություն ենք փոխում: Արդյո՞ք սա անորոշության նոր պատուհան չէ տնտեսվարողի համար:

Երրորդ՝ տնտեսական քաղաքականություն մշակողների մասով: Օրերս ֆինանսների նախարարությունը, լրագրողների հարցադրմանն ի պատասխան, նշել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն ունի ռիսկեր, մշակում են սցենարներ, այս պահին չունեն հստակ տեղեկատվություն, թե դա երբ է սպասվում: Ակնհայտ է, որ նույն տնտեսական քաղաքականություն մշակողի համար հերթական ցնցման, անորոշության, առաջնայինը երկրորդայինի հետ խառնելու, շփոթելու հետ գործ ունենք, այսինքն՝ տնտեսական քաղաքականություն մշակողն արված հայտարարությանը կամ գործողությանը հետևող սցենարներ է մշակում: Այսինքն՝ գործ ունենք հերթական ցնցումային իրավիճակի հետ նույնիսկ սեփական գործադիր մարմնի տնտեսական քաղաքականությունը մշակողների համար»,-նշում է Ամիրխանյանը:

Հավելում է՝ այսօր արդեն կա հնարավոր մարտահրավերների երեք փունջ, եթե խոսում ենք ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորության մասին: Նրա խոսքով, այս մարտահրավերներն իրենց ներքո չափելի պարամետրեր են պարունակում: «Պետք է դիտարկենք մեր արտաքին տնտեսական հարաբերությունները, դրանց թվային ցուցանիշները, դրանցում ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը առանձնացված, տեսակարար կշիռները, Եվրոպական միության համախառն ցուցանիշները և այլն: Այս դեպքում այդ մարտահրավերները հստակ և չափելի պարամետրով այսօր դրվում են յուրաքանչյուրիս սեղանին: Օրինակ՝ Հայաստանի և ԵԱՏՄ-ի առևտրաշրջանառությունը 2024 թ.-ին, բացառությամբ դեկտեմբեր ամսվա, գրեթե 12 միլիարդ դոլար է, ԵՄ-ի հետ նույն ցուցանիշը՝ 2 միլիարդ է, 6 անգամ պակաս: Մասնաբաժնի առումով: Արտաքին առևտրաշրջանառության մոտ 42 տոկոսը ԵԱՏՄ-ին է բաժին ընկնում, 7,5 տոկոսը՝ ԵՄ-ին:

Բավականին հետաքրքիր տրանսֆորմացիայի հետ գործ ունենք: Դիվերսիֆիկացիայի մասին ամենաշատը բարձրաձայնող իշխանությունն այդ տեսանկյունից իրավիճակն ավելի վատթարացրել է: Կրկին փաստերով և թվերով: Եթե 2019 թվականին մեր արտաքին առևտրաշրջանառության մեջ ԵՄին բաժին էր ընկնում 24,1 տոկոսը, Ռուսաստանի Դաշնությանը՝ 26,8 տոկոսը, ապա 2024 թվականին ԵՄ-ին բաժին է ընկնում 7,5 տոկոսը, Ռուսաստանի Դաշնությանը՝ 41,5 տոկոսը։ Տեսակարար կշիռների և դիվերսիֆիկացիայի առումով իրավիճակը շատ ավելի վատթարացել է, սրանով էլ ավելի մեծ մարտահրավերների փունջ ձևավորել, եթե այսօր այս իրավիճակում և պայմաններում հրաժարվենք ԵԱՏՄ-ից: Խնդիրն այն չէ, որ իրավիճակը, վիճակագրությունը նշանակում է, թե միայն և բացառապես պետք է եվրասիական ուղղությամբ գնալ: Ոչ: Հատկապես փոքր տնտեսությունների համար, ինչպիսին ենք մենք, դիվերսիֆիկացիան շատ կարևոր գործընթաց է և մշտական աշխատանք տանելու ուղղություն: Բայց խնդիրն այն է, որ փաստացի ունենք դիվերսիֆիկացիայի ուղղությամբ ավելի վատթարացում: Բոլոր այն պնդումներում, որ մեր արտաքին առևտրաշրջանառության մեջ, օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների մասնաբաժինն է ավելացել, Չինաստանի մասնաբաժինն է ավելացել, շատ պարզ հանգամանք կա՝ դա վերաարտահանման գործոնն է, որը ևս ուղիղ և անուղղակիորեն գալիս է Ռուսաստանի Դաշնությունից: Եթե այդ գործոնը դուրս ենք բերում, շատ լուրջ հարց է, թե դիվերսիֆիկացիայի ի՞նչ խնդիր է իրականում լուծված»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ ԵԱՏՄ-ից հրաժարվելու և ԵՄ-ին անդամակցելու գործընթացները տասնյակ տարիների գործընթացներ են: «Անգամ տնտեսական ինտեգրացիոն միությունից դուրս գալու գործընթացը մեկ օրվա կամ մեկ ստորագրության խնդիր չէ: Չենք կարող այսօր արթնանալ և ասել՝ վերջ, այլևս այսինչ ինտեգրացիոն միության անդամ չենք: Եղած ռիսկերը, սակայն, առկա համատեքստում ավելի են մեծացնում ցնցումները, անորոշության զգացումը քաղաքացու մոտ: Նա այսօր չունի որոշակիություն վաղվա օրվա հանդեպ: Սրանք որոշակի մեսիջներ են, որոնք գուցե դեմոգրաֆիական, ժողովրդագրական, միգրացիոն առումով անցանկալի հետևանքների և որոշումների հանգեցնեն: Այո, յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է ինչ որ ուղղությամբ գնալը, բայց կարևոր է հասկանալ, թե ինչ հնարավորություններ, ռեսուրսներ ունես, կամ ի՞նչ ենք առաջարկելու նույն ԵՄ-ին: ԵՄ-ն, որպես մեզ համար կարևոր առևտրային գործընկեր և ուղղություն, անկախ եղած վիճակագրության որոշակի փոփոխություններից, մշտապես պետք է լինի ուշադրության կենտրոնում, այդ ուղղությամբ աշխատանքներ պետք է տարվեն և այլն:

Բայց կարևոր է հասկանալ, որ ԵՄի հետ առևտուրը պայմանավորված չէ միայն ինտեգրացիոն այս կամ այն միության անդամ լինելով: Առաջին հերթին ԵՄ-ի շուկան մեզ համար դժվարություններ ուներ և ունի առաջ քաշվող ստանդարտների համատեքստում: Հիմա շատ է հնչում հետևյալ հարցադրումը՝ հնարավո՞ր է լինել երկու ինտեգրացիոն միության անդամ միաժամանակ: Ոչ, քանի որ խոսքը վերաբերում է միասնական մաքսային, օրենսդրական մարմինների աշխատանքների սինխրոնիզացմանը, երրորդ երկրների նկատմամբ համապատասխան մաքսային քաղաքականությանը և այլն, բայց կարելի է միաժամանակ մի քանի ինտեգրացիոն միջավայրի հետ ունենալ գործընկերային հարաբերություններ: Դրա փորձն ունենք: ԵՄ-ի հետ ունեինք «GSP+» արտոնությունների ռեժիմ, որով ենթադրվում էր Հայաստանի շուրջ 6000 անուն ապրանքների անմաքս արտահանում Եվրոպա, բայց որքանո՞վ արդյունավետ աշխատեց այդ համակարգը: Միայն մի ցուցանիշ. արտահանվող ապրանքների 97 տոկոսը հանքահումքային ապրանքներն են, իսկ պատճառն այն չէր, որ պատրաստի կամ բարձր արժեքով ապրանքների արտադրության խնդիր ունեինք: Պատճառն առավելապես այն էր, որ ստանդարտներին համապատասխանության խնդիր ունենք:

Տնտեսվարողի համար շատ ավելի բարդ է այդ ստանդարտիզացիային հասնելը, և հարց է՝ որքա՞ն ժամանակ կպահանջվի դրան հասնելու համար, թեև դա շատ կարևոր է և պետք է այդ ուղղությամբ աշխատանքներ տանել, անկախ ամեն ինչից: Ստեղծվելու է որոշակի ժամանակային վակուում: Հարց է առաջանում՝ այդ պարագայում այդ ժամանակային վակուումը որքանո՞վ են կարողանալու արդյունավետ լցնել, որ դեպի քաղաքացի, դեպի սոցիալական խնդիրներ հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները մեծ հարվածներ չբերեն: Փորձենք ամբողջացնել: ԵՄ գնալը միայն մեր ցանկությամբ չէ պայմանավորված: Տեսնում ենք՝ ԵՄ-ին անդամակցության բյուրոկրատական, քաղաքական և տնտեսական պրոցեսները որքան երկար են տևում: Որքանո՞վ է ԵՄ-ն պատրաստ մեզ ընդունել իր ինտեգրացիոն միություն, իր տնտեսական տիրույթ: Մյուս կողմից՝ արվող հայտարարությունների և գործողությունների համատեքստում ստեղծում են շատ կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք, որ դառնալու ենք ԵՄ անդամ և կարողանալու ենք օգտվել տնտեսական ու քաղաքական ամբողջ զամբյուղից, որը տալիս է ԵՄ-ն: Պարզ բանաձև է՝ տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չերաշխավորված արդյունքով»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում