Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield
Politics

Առաջին հերթին՝ եթե ինքներս մեզ չուրանանք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաղը օգոստոսի 23-ն է՝ Հայաստանի Հանրապետության անկախության Հռչակագրի ընդունման օրը: Ու չնայած մեր ազգի, մեր ժողովրդի պատմությունը մեկնարկել է հազարամյակների խորքից, նորագույն ժամանակներում հայրենի հողի վրա Հայոց պետականության վերականգնման մեկնարկը տրվել է 1990 թվականի այս օրը՝ հիմնվելով նաև 1918-20 թթ. Առաջին Հանրապետության ավանդույթների և պատմական հիշողության վրա:

Ուղիղ 34 տարի առաջ այս օրը Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը: Դա Հայաստանի գործող պետականության հիմնաքարն է: Ու ամենևին պատահական չէ, որ մեր ոչնչացման նպատակադրումն ունեցող թշնամին բացահայտորեն թիրախավորել է հենց այդ հիմնաքարը՝ ակնկալելով, որ իր պահանջները բավարարող ՀՀ օրվա իշխանությունը կանի նաև այդ սուիցիդալ քայլը: Այն է՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, ջնջել նախաբանը, որտեղ, բնականաբար, հղում է արվում հիմքերի հիմքին, այն է՝ Անկախության հռչակագրին:

Իսկ ի՞նչ է այնտեղ գրված, այդ ի՞նչն է այդպես բորբոքում Հայաստանի ու հայության թշնամիներին, տվյալ պարագայում՝ Թուրքիային ու Ադրբեջանին, որ շարունակաբար նման շեշտադրում են անում, իսկ փաշինյանական իշխանություններն էլ, ի դեպ, «տակից» ձայնակցում են նրանց, թե՝ «հա, Սահմանադրությունը պետք է փոխել...»:

Չալարենք և ծանոթանանք Հռչակագրի նախաբանին: Նշենք, որ տեքստը պատճենել ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից, որտեղ այն դեռևս զետեղված է: Ինչպես ասվում է՝ կարդացեք, քանի չեն ջնջել...

Եվ այսպես. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը» (ընդգծումները մերն են):

Ու այստեղ արդեն հարցեր են ծագում՝ պատմական եղելությունից 34 տարի անց: Առաջին հարցը փոխկապակցված է «Հայաստանի ժողովրդի միասնական կամքն» արտահայտելու հետ: Հռչակագրի նախաբանում հստակ արտացոլված է երեսունչորսամյա վաղեմության իրականությունը, և տողերիս հեղինակը, որպես ժամանակակից, կարող է փաստել դա: Այո, Գերագույն խորհուրդը միանգամայն արտահայտել է ու ընդունված հիմնարար փաստաթղթով արտացոլել է Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, դեռ մի բան էլ՝ մեղմած:

Հարցը. ի՞նչ ունենք երեսունչորս տարի անց: Ո՞ւր է Հայաստանի ժողովրդի միասնական կամքը: Այն միասնական կամքը, որը առկա էր և որի վրա հիմնվելով էլ հռչակվեց անկախ պետականության մեկնարկը: Ո՞ւր է այդ հավաքական կամքը, որ թույլ տվեց դիմագրավել կենսական սպառնալիքներին, պաշտպանել երկիրը, ազգի լավագույն զավակների կյանքի գնով ազատագրել Արցախը՝ չնայած ամենայն դժվարություններին, տառապանքներին, զրկանքներին:

Հարցն այս որոշակիորեն հռետորական է: Այն, բնականաբար, առաջին հերթին կամ ամենից առավել հասցեագրված է Հայաստանի «հասարակական-քաղաքական էլիտային», եթե այսօր կա այդպիսին: Այսինքն, այս հարցի հասցեատերերը այն ուժերն ու գործիչներն են, որ հանդես են գալիս ազգի, ժողովրդի, հասարակության կամ առնվազն հանրության մի մասի անունից ու ազգային շահերի դիրքերից: Հարցի առանցքային հասցեատերերն, ըստ այդմ, ազգային կրոնական, քաղաքական, հասարակական, ստեղծագործական կառույցներն են: Չէ՞ որ հենց նրանք են առաջին հերթին ի մի բերում և հստակ ձևակերպում այդ «միասնական կամք» ասվածը: Այսօր, երբ մեր պետականության գոյությունը, ըստ այդմ՝ մեր՝ որպես պետականակիր ազգ, հետագան էքզիստենցիալ վտանգի առաջ են հայտնվել, առանց չափազանցության, սա ամենաէական հարցն է:

Մեզ անընդհատ ուզում են համոզել, ըստ որում, դա անում են իշխանության եկածները՝ օգտագործելով ապակողմնորոշման, ագրեսիվ քարոզչության հնարավոր բոլոր կեղտոտ մեթոդներն ու գործիքները, թե՝ մենք խեղճուկրակ, ստամոքսամիտ, միայն ուտելխմել-զուգարան գնալու նպատակով ապրող կենսաբանական էակներ ենք, թե՝ թուրքը մեր թշնամին չէ, այլ ամենահարազատ «ախպերը», թե՝ մենք երբեք էլ պետություն և պատմություն չենք ունեցել, թե՝ մենք անզոր ենք, թույլիկ, ընդունակ միայն հեծանիվ քշելու և լոբի մաքրելու, թե՝ Արարատը մեզ պետք չէ, մերը միայն Արագածն է, թե՝ ավելի լավ է Եվրամիության վիզա ունենալ, քան թե Հայոց բանակի ծանուցագիր, թե՝ ոչ մի բուհ ու կրթություն էլ մեզ պետք չէ, թե՝ ոչ մի ԱԷԿ ու գիտություն էլ պետք չէ, թե՝ Մատենադարանի մագաղաթներն էլ պետք չեն, թե՝ պետք է կյանքից միայն վայելք ու բավարարություն ստանալ, ու՝ գլուխը քարին, թե ինչ կլինի երկրի, սահմանների, պետության, պատմության, մշակույթի, եկեղեցու ու մնացած ամեն ինչի, այդ թվում՝ մայրենի լեզվի հետ:

Այլ կերպ ասած՝ խումբը, որ այսօր չարաբաստիկ հանգամանքների բերումով գտնվում է պետության ղեկին՝ իշխանություն է, ամեն կերպ ձգտում է մեզ համոզել, որ ուրանանք ինքներս մեզ, մոռանանք՝ ով ենք ու ինչ ենք եղել, մոռանանք մեր արմատները, մեր ինքնությունը, մեր կրոնը, մեր դավանանքը, մեր լեզուն, մեր պատմությունը: Մոռանանք մեր նվիրյալ զավակներին, որ իրենց կյանքն են դրել մեր՝ որպես պետություն ու ժողովուրդ լինելու համար: Մոռանանք, որ մենք հայ ենք, որ մեր երկիրը Հայաստանն է, իհարկե, ներառյալ Արցախը ևս: Սա է օրվա իշխանության նպատակադրումը: Սա է եղել ու մնում նաև մեր դարավոր թշնամու նպատակադրումը:

Ու երբ այսօր տարբեր հայրենակիցներ հարցնում են, թե ինչ կլինի մեր պետության, մեր երկրի հետ, առաջարկում ենք առնվազն վերհիշել անկախության Հռչակագիրը իր 12 կետով հանդերձ: Մեր պետությունը կհարատևի, մեր զավակները ապագա կունենան, եթե մենք ամենից առաջ չուրանանք ինքներս մեզ: Եթե վերգտնենք մեր ինքնությունը, եթե ձերբազատվենք մեզ պատանդառած պատեհապաշտ-շառլատանների իշխանությունից ու ձևավորենք իրապես ազգային իշխանություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում