«Հայի դուխով» ավագ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանը
Mediamax.am-ը գրում է.
Ավագ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանին առաջին անգամ հանդիպեցի նրա՝ Արցախի դիրքերում վիրավորվելուց մի քանի օր անց։ Այդ օրերին շատերն էին գնում հոսպիտալ՝ Սարգսին ու ընկերներին քաջալերելու, սակայն ամեն անգամ այցելուները հիվանդասենյակից հեռանում էին ապշահար. Սարգիսը հյուրերին ընդունում էր կատակներով, այդպես էլ ճանապարհում էր։ Զրույցի ժամանակ էլ ասում էր, որ անպայման վերադառնալու է ծառայության, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Թվում էր` նա աջակցության կարիք չունի։ Իհարկե, սա միայն մակերեսն էր։ Իրականում ավագ լեյտենանտի համար գլխավորն այն է, որ իրեն չխղճան։ Հիմա ժպիտով է հիշում՝ ինչպես 3 ամիս չէր խոսում տատիկի հետ միայն այն պատճառով, որ վերջինս ասել էր՝ «վա՜յ, խեղճ թոռս»:
Ապաքինվելուց անմիջապես հետո նա վերադարձավ ծառայության։ Դրանից հետո արդեն նույն ոգեւորությամբ խոսում էր առաջին գիծ վերադառնալու մասին։ Ասում էր՝ վրեժ ունի լուծելու։ Հիմա Սարգսի կյանքում շատ բան է փոխվել. ասում է՝ սկսել է սառը դատել։ Մեդիամաքսը ավագ լեյտենանտի հետ զրուցել է ներկայիս կյանքի ու նոր հետաքրքրության՝ սպորտի, սահման վերադառնալու մտքից հրաժարվելու պատճառների եւ զինվորական ապագայի մասին։
Սահման վերադառնալու մտքից հրաժարվեց, բայց ասում է՝ եթե պատերազմ լինի, անպայման գնալու է։ Դեպքի ժամանակ Սարգիսը լեյտենանտ էր, հիմա՝ ավագ լեյտենանտ։ Ասում է՝ ինչպես յուրաքանչյուր զինվորական՝ ձգտում է գնդապետի կոչման, բայց դրա համար տարիներ եւ լրացուցիչ կրթություն է պահանջվում։ Երբ կոչումը բարձրանա, կմտածի նաեւ ուսման մասին։ Հիմա ուզում է մնալ թիկունքում, հետագայում աշխատել որպես դասախոս, իր օրինակն ու փորձը փոխանցել մյուսներին։
«Ես իմ խղճի համար եմ վերադարձել ծառայության, ոչ թե կառավարության կամ ինչ-որ մեկի։ Այն ժամանակ իմ ամենամեծ ցանկությունն առաջին գիծ վերադառնալն էր։ Երբ սկսեցի սառը դատել, հասկացա, որ դիրքերում չեմ կարող արդարացնել ինձ։ Թեկուզ այն, որ չեմ կարող զենքս լիարժեք օգտագործել, խնդիր է։ Այն ժամանակ զգացմունքային էի, ասում էի՝ վրեժ, վրեժ։ Հիմա եմ հասկանում, որ վրեժը ոչ թե թուրք սպանելն է, այլ օգտակար լինելը։ Թող Աստված լուսավորի իմ ծառայակից ընկերների հոգիները։ Վստահ եմ՝ իրենք էլ չէին ուզի, որ ես մահանայի իրենց արյան վրեժի համար»,- ասում է Սարգիսը, ապա հավելում, որ խոսքը պատերազմական դրության մասին չէ։ Նրա խոսքով, եթե պատերազմ լինի, պարտավոր է գնալ առաջնագիծ, օգնել ինչով կարող է, այս դեպքում եւս երկրորդ կարծիք լինել չի կարող։
«Ապրիլյան պատերազմի ժամանակ ուզում էի գնալ, թույլ չտվեցին։ Քանի որ ծառայում եմ, առանց թույլտվության գնալն իմ կողմից օրենքի խախտում կլիներ։ Սրտիցս արյուն էր կաթում, որ հեռուստատեսությամբ էի հետեւում իրադարձություններին, իմանում, որ էլի զոհ ունենք։ Մտածում էի՝ ես իմ մարմնի մի մասն եմ տվել այս պատերազմում, իսկ իրենք՝ իրենց կյանքը»,- նշում է զինվորականը։
Առաջին գիծ վերադառնալու միտքը Սարգիսը վերանայել է, երբ վիրավորումից հետո գնացել է իր զորամաս՝ Եղնիկներ։ «Դեպքից հետո գնացի Եղնիկներ։ Ուզում էի բարձրանալ դիրքեր, տղաները չթողեցին։ Որոշեցի ոտքով բարձրանալ, անձրեւ էր եկել, ցեխ էր, սայթաքեցի։ Ծունկս թեւիս վրա ընկավ, թեւս կրկին վնասեցի։ 10 օրով էի գնացել, 7 օրը պառկած մնացի։ Հասկացա, որ շատ բան է փոխվել»,- ափսոսանքն աչքերում ասում է նա ։