Արկտիկական ցուրտ օդը սկսել է ներթափանցել Հայաստան. որոշ բնակավայրերում բուք է
Armtimes.com-ը գրում է.
Ինչպես եւ կանխատեսվել էր ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության կողմից՝ Հանրապետության տարածքը գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. գիշերվանից գրեթե բոլոր շրջաններում ձյուն է տեղում:
«Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի հաղորդմամբ՝ տեղումները հատկապես ուժեղ են Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Գեղարքունիքի առանձին հատվածներում, Լոռիում եւ Տավուշում: Լեռնային բնակավայրերի ճանապարհների մեծ մասում բուք է, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին հատվածներում՝ մերկասառույց:
«Հզոր ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է մինչեւ առաջիկա առավոտ: Դեկտեմբերի 15-ի ցերեկը ցիկլոնն արդեն կկորցնի իր ուժը: Ճիշտ է՝ ձյան տեղումները ցերեկը կշարունակվեն, բայց ինտենսիվությունը զգալի կնվազի: Այսինքն՝ ինտենսիվ ձյուն կտեղա այսօր ամբողջ օրվա ընթացքում եւ առաջիկա գիշերը՝ մինչ առավոտ»,- մեր զրույցում ասաց Սուրենյանը:
Դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին եւ 17-ին ցիկլոնի ուժը կթուլանա, որի հետեւանքով ամպամածությունը կպահպանվի, բայց ձյան տեղումները կլինեն շատ թույլ եւ դադարներով:
Անդրադառնալով հանրապետությունում առկա ջերմային ֆոնին՝ օդերեւութաբանը հայտնեց, որ այսօր արդեն առավոտվանից արդեն սկսվել է հանրապետություն արկտիկական ցուրտ օդային հոսանքերի ներհոսքը: «Դուք տեսաք, թե գիշերը որքան տաք էր. ողջ գիշեր Երեւանում +5...+6 աստիճան էր, առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում արկտիկական ցուրտ օդը սկսեց ներթափանցել Հայաստան եւ օդի ջերմաստիճանը նվազեց: Այժմ 0-ի սահմաններում է»,- տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը:
Շարունակությունը` այստեղ