40 միլիոն խորանարդ մետր գազի կորուստ է գրանցվել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ըստ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ամփոփ տեղեկատվության, 2017 թ. բնական գազ են ստացել հանրապետության քաղաքային բնակավայրերի 91,8%–ը, գյուղական բնակավայրերի` 60,8%–ը: Ընդ որում, մինչ վերագործարկման աշխատանքներ սկսելը բնական գազով գազաֆիկացված չեն եղել Շամլուղ, Մեղրի, Ագարակ և Դաստակերտ քաղաքները:
1997 թ. սեպտեմբերից մինչև 2018 թ. հունվարի 1–ը բնական գազով գազաֆիկացվել է 690 հազար 382 բնակարան և բնակելի տուն: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքից։
Գազի փողոցային ցանցի միագիծ երկարությունն ըստ ՀՀ մարզերի և ըստ քաղաքային ու գյուղական բնակավայրերի 2017 թ. տարեսկզբին ընդհանուր առմամբ կազմել է 12120 կմ, որից 7036–ը գտնվում է գյուղական բնակավայրերում, իսկ 5083–ը՝ քաղաքային։ Տարեվերջին ցանցի երկարությունն ավելացել է, դառնալով 12432 կմ։
Ըստ վիճակագրության, նախորդ տարի գազաֆիկացված բնակարանների և բնակելի տների թիվը տարեվերջին կազմել է 690382, ինչը տարեսկզբին ունեցած տվյալի համեմատ ավելացել է 10961–ով։ Ընդ որում, գազաֆիկացում ավելի շատ տեղի է ունեցել քաղաքներում, քան գյուղերում։ Այսպես՝ գազով ապահովված բնակարանների թիվը քաղաքային բնակավայրերում ավելացել է 6856–ով, իսկ գյուղականումը՝ 4105–ով։
Ընդհանուր առմամբ, նախորդ տարի Հայաստանի բնակչությունը սպառել է 1847166000 խորանարդ մետր գազ, որից 39953000 խորանարդ մետրը կորուստ է ունեցել և մատակարարված գազի ծավալը կազմել է 1807213000 խորանարդ մետր։
Հավելենք, որ հանրապետությունում իրացված բնական գազի դիմաց չվճարելու պատճառով տարիների ընթացքում կուտակված պարտքը 2018 թ. հունվարի 1–ի դրությամբ կազմել է 22894500 հազար դրամ, որից բնակչության պարտքը` 12271800000 դրամ է:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում