Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds
Politics

Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը կարող է փոխել իր արտաքին քաղաքականությունը՝ առանց փոխելու իր պետական ինքնությունը։ Կարող է խաղաղության քաղաքականություն որդեգրել՝ առանց իր նախորդ պետական շրջանը «կոնֆլիկտի Հանրապետություն» հայտարարելու։ Կարող է նոր տնտեսական ռազմավարություն ընդունել, նոր սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, նույնիսկ ամբողջությամբ վերափոխել պետական կառավարման համակարգը։ Բայց եթե խոսքը իսկապես նոր Հանրապետության մասին է, ապա այստեղ արդեն այլ չափանիշներ են գործում։

Նոր Հանրապետությունը չի կարող ծնվել միայն մեկ անձի կամքից կամ ելույթից։ Այն չի կարող ծնվել կառավարության ծրագրից։ Այն չի կարող ծնվել քաղաքական կարգախոսից։ Եվ, առավել ևս, չի կարող ծնվել Հայաստանի պատմությունը վերաիմաստավորելու միջոցով։ Հենց այստեղ է ծագում այն հարցը, որ այսօր Հայաստանի իշխանությունը պարտավոր է պատասխանել ոչ թե ընդդիմությանը, ոչ թե որևէ առանձին քաղաքական ուժի, այլ ամբողջ հասարակությանը՝ ո՞վ, ե՞րբ և ի՞նչ իրավական հիմքով որոշեց, որ մենք այլևս Երրորդ Հանրապետությունում չենք ապրում։ Որտե՞ղ է այդ սահմանագիծը։ Ո՞ր իրավական ակտով է Երրորդ Հանրապետությունն ավարտվել։ Ո՞ր հանրաքվեով է Հայաստանի ժողովուրդը որոշել, որ սկսվում է «չորրորդ հանրապետությունը»։ Որտե՞ղ է նոր Սահմանադրությունը։ Որտե՞ղ է պետական կառավարման այն նոր համակարգը, որը մեզ թույլ է տալիս ասել՝ մենք արդեն ապրում ենք այլ Հանրապետությունում։ Եթե այդ ամենը չկա, ապա ինչի՞ մասին է խոսքը։

Նոր Հանրապետությո՞ւն, թե՞ Հայաստանի Հանրապետության քաղաքական զարգացման նոր փուլ։ Սա պարզապես անվանման հարց չէ։ Սա Հայաստանի պետականության շարունակականության մասին սկզբունքային հարց է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանը թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում են «չորրորդ հանրապետություն»։ Նրա ձևակերպմամբ, Երրորդ Հանրապետությունը հիմնված էր «կոնֆլիկտի, հակամարտության տրամաբանության» վրա, իսկ «չորրորդ հանրապետությունը» ձևավորվում է «խաղաղության տրամաբանությամբ»։ Նա իր այդ տեսլականը կապեց նաև «իրական Հայաստանի» գաղափարախոսության և կառավարության 2026–2031 թվականների ծրագրի հետ։ Այս հայտարարությունը չի կարելի պարզապես հերթական քաղաքական կարգախոս համարել։ Այն շատ ավելի խորքային հարց է առաջադրում. արդյո՞ք իշխանությունը պարզապես հայտարարում է Հայաստանի քաղաքական զարգացման նոր փուլի մասին, թե՞ փորձում է ձևակերպել Հայաստանի պետականության նոր՝ «չորրորդ հանրապետության» փուլը։

Եթե խոսքը առաջինի մասին է, ապա խնդիրը հիմնականում անվանման հարց է։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ունենալ խաղաղության նոր ռազմավարություն, նոր արտաքին քաղաքականություն և զարգացման նոր հայեցակարգ՝ մնալով նույն պետությունը։ Բայց եթե խոսքը երկրորդի մասին է, ապա իշխանությունը պետք է ներկայացնի դրա պետաիրավական հիմքը։ Որովհետև Հայաստանը կարող է փոխել իր քաղաքականությունը՝ առանց փոխելու իր պետական ինքնությունը, իսկ իր պետական կարգը կարող է փոխել միայն ժողովրդի ու Սահմանադրության միջոցով։ Սա է ամբողջ խնդրի միջուկը։ Եվ հենց այստեղ «չորրորդ հանրապետության» գաղափարը բախվում է իր առաջին լուրջ հակասությանը։ Հայաստանը չի սկսվել 2018 թվականին։ Հայաստանը չի սկսվել 2026 թվականին։ Հայաստանը չի սկսվում և ավարտվում որևէ վարչապետի իշխանության ժամկետով։ Հայաստանի պետականությունը շատ ավելի երկար պատմություն ունի, քան ցանկացած կառավարություն, կուսակցություն կամ քաղաքական գաղափարախոսություն։ Մենք ունեցել ենք Առաջին Հանրապետություն։ Մենք ունեցել ենք խորհրդային պետականության երկար ժամանակաշրջանը։ Մենք ունենք 1991 թվականին ժողովրդի կամքով վերականգնված անկախ Հայաստանի Հանրապետությունը։

Եվ այստեղ անհրաժեշտ է հիշել ամենակարևոր փաստը։ 1991 թվականի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը քվեարկել է անկախության օգտին, ոչ թե կոնֆլիկտի։ Ժողովուրդը չի քվեարկել «կոնֆլիկտի Հանրապետության» օգտին։ Նման հարց չի եղել։ Հետևաբար այսօր Երրորդ Հանրապետության պատմական ծնունդը հետադարձաբար ներկայացնել որպես «կոնֆլիկտի տրամաբանության» արդյունք՝ նշանակում է անկախության ակտի պատմական իմաստը փոխարինել դրա հետագա ծանրագույն հետևանքներից մեկով։

Այո՛, անկախ Հայաստանը հայտնվեց Ղարաբաղյան հակամարտության և պատերազմի մեջ։ Այո՛, պատերազմը դարձավ մեր պետականության պատմության ամենացավոտ և ողբերգական էջերից մեկը։ Բայց պատերազմը Հայաստանի անկախության նպատակը չէր։ Պատերազմը պատմական հանգամանք էր, ոչ թե պետության ստեղծման գաղափարը։

Այս տարբերությունը չտեսնելը նշանակում է ամբողջ Երրորդ Հանրապետությունը նույնացնել նրա ամենածանր խնդրի հետ։ Իսկ Երրորդ Հանրապետությունը շատ ավելին էր։ Այն անկախության հանրաքվեն էր։ Այն պետականության վերականգնումն էր։ Այն Սահմանադրությունն էր։ Այն բանակի ստեղծումն էր։ Այն դիվանագիտական ծառայությունն էր։ Այն պետական ինստիտուտների ձևավորումն էր։ Այն տնտեսական և սոցիալական կյանքի նոր համակարգի ստեղծումն էր։ Այն անկախ Հայաստանում ծնված մի ամբողջ սերնդի կյանքն էր։ Այն մարդկանց աշխատանքն էր, ովքեր իրենց կյանքի տասնամյակները նվիրեցին անկախ պետության կառուցմանը։

Եվ այն մարդկանց հիշողությունն էր, ովքեր զոհվեցին՝ հավատալով, որ զոհվում են Հայաստանի համար։ Այս ամբողջ պատմությունը մեկ բառով՝ «կոնֆլիկտ» անվանելը պատմական ամբողջական նկարագրություն չէ։ Դա քաղաքական մեկնաբանություն է։ Խաղաղությունը, իհարկե, պետք է ողջունել։ Հայաստանի համար խաղաղությունը ոչ միայն ցանկալի, այլև կենսական անհրաժեշտություն է։ Եթե Հայաստանը մտնում է կայուն խաղաղության նոր փուլ, դա կարող է լինել մեր պետականության պատմության ձեռքբերումներից մեկը։ Բայց խաղաղությունը Երրորդ Հանրապետության մահվան վկայականը չէ։ Եվ եթե այսօր Հայաստանը կարողանում է առաջ շարժվել դեպի խաղաղություն, ապա այդ խաղաղությունը պետք է ներկայացվի որպես Հայաստանի պետականության զարգացման արդյունք, ոչ թե որպես նախկին Հայաստանի պատմական մեղադրական դատավճիռ։ Այստեղ էլ իշխանության համար կա շատ ավելի ազնիվ ձևակերպման հնարավորություն։ Կարելի էր ասել. «Երրորդ Հանրապետությունը մտնում է նոր՝ խաղաղության և զարգացման քաղաքական փուլ»։ Այս ձևակերպումը ոչ մեկի պատմական ինքնությունը չի ջնջում։ Բայց «չորրորդ հանրապետություն» հասկացությունը մեկ այլ իմաստ է ստեղծում։ Այն ենթադրում է, որ ինչ-որ բան ավարտվել է, և ինչ-որ նոր բան է սկսվել։ Եվ եթե այդպես է, հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ ի՞նչն է ավարտվել։ Պետության իրավական ինքնությո՞ւնը։ Սահմանադրական համակա՞րգը։ Պետական ինստիտուտնե՞րը։ Ժողովրդի որոշո՞ւմը։ Թե՞ պարզապես իշխանության քաղաքական գնահատականը նախորդ շրջանի նկատմամբ։

Նոր Հանրապետությունը պետք է ունենա իրական պետական-իրավական բովանդակություն։ Հայաստանը չի դառնում «իրական» կամ «անիրական»՝ կախված նրանից, թե տվյալ պահին իշխանությունն ինչ քաղաքական հայեցակարգ է առաջարկում։ Այստեղ է, որ «իրական Հայաստան» և «չորրորդ հանրապետություն» հասկացությունները կարող են ստեղծել պատմական բաժանման վտանգավոր տրամաբանություն։ Որովհետև, եթե այսօր մեզ ասում են՝ «սա է իրական Հայաստանը», վաղը մեկ ուրիշ իշխանություն կարող է հայտարարել՝ «ոչ, իրական Հայաստանը սա չէ»։ Եվ այդ դեպքում Հայաստանի պատմությունը կդառնա իշխանությունների հերթափոխին համապատասխան փոխվող պատմություն։ Սա արդեն վտանգավոր է։ Որովհետև պետությունը կառավարությունից մեծ է։ Պատմությունը իշխանությունից մեծ է։ Հայաստանը իշխանությունից մեծ է։ Եվ հենց այդ պատճառով ոչ մի վարչապետ իրավունք չունի իր քաղաքական ժամանակաշրջանը վերածել Հայաստանի պատմության նոր սկզբի։ Իշխանությունները գալիս են և գնում են։ Հայաստանը մնում է։ Ըստ էության, վաղը կարող ենք հայտնվել նույն տրամաբանության մեջ, երբ յուրաքանչյուր քաղաքական իշխանություն իր գալուստը կհայտարարի որպես նոր Հանրապետության սկիզբ։

Եվ դա արդեն պետականություն չէ։ Դա քաղաքական բրենդավորում է։ Հայաստանի Հանրապետությունը չի ծնվել մեկ անձի հայտարարությամբ։ Այն չի ստեղծվել կառավարության ծրագրով։ Այն չի ստեղծվել որևէ կուսակցության գաղափարախոսությամբ։

Այն ստեղծվել է ժողովրդի կամքով, պատմությամբ, պայքարով, կորուստներով, աշխատանքով և սերունդների ներդրմամբ։ Այդ պատճառով որևէ իշխանություն իրավունք չունի Հայաստանի պատմությունը բաժանել «ճիշտ» և «սխալ» Հանրապետությունների։ Առաջին Հանրապետությունը մերն է։ Խորհրդային Հայաստանը մեր պատմությունն է։

Երրորդ Հանրապետությունը մեր անկախ պետությունն է։ Ու եթե որևէ իշխանություն կարծում է, թե կարող է իր քաղաքական ներկան դարձնել Հայաստանի պատմական սկիզբը, ապա պետք է հիշի մի պարզ ճշմարտություն. իշխանությունները գալիս են ու գնում են, քաղաքական դարաշրջանները փոխվում են, բայց Հայաստանը մնում է։ Եվ հենց դրա համար Հայաստանի պատմությունը չի կարելի վերանվանել հրամանագրով, ելույթով կամ քաղաքական կարգախոսով։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում