«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան Դումիկյան
Վերլուծաբան Տիգրան Դումիկյանը հայտնում է․
«Այսուհետ իմ էջում նոր ձևաչափով եմ անդրադառնալու Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին և միջազգային հարաբերություններին։
Սկսում եմ «Մեկ թիվ, մեկ պատմություն» շարքը, որտեղ յուրաքանչյուր անգամ պաշտոնական մեկ թիվը կդառնա ավելի լայն պատմության մեկնակետ։ Փորձելու ենք հասկանալ՝ ինչ կա թվերի հետևում, ինչ միտումներ, որոշումներ ու գործընթացներ են թաքնված դրանց մեջ։
Առաջին թիվը՝ 12։
1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրը դարձավ Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի մեկնարկը։ Այն ամրագրում է մեր պետականության հիմնարար սկզբունքները՝ ինքնիշխանությունից ու անվտանգությունից մինչև մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, լեզու, կրթություն և մշակույթ, ազգային հարստություն, արտաքին քաղաքականություն և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում։
Այս փաստաթղթի շուրջ այսօր էլ քաղաքական ու իրավական քննարկումները շարունակվում են։ Մասնավորապես՝ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման հարցը դարձել է այդ քննարկումների առանցքային թեմաներից մեկը։
Այս հարցերին եմ անդրադառնում «Մեկ թիվ, մեկ պատմություն» շարքի առաջին թողարկման ընթացքում։