Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''
Politics

Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե երկար տարիներ Նախիջևանը դիտարկվում էր որպես Ադրբեջանի աշխարհագրական առումով առանձնացված ինքնավար միավոր, ապա այսօր այն աստիճանաբար վերածվում է Բաքվի արտաքին քաղաքականության, անվտանգային ռազմավարության և տարածաշրջանային աշխարհաքաղաքական հաշվարկների առանցքային գործիքներից մեկի։

Հատկանշական է, որ 2026 թվականի մարտին Ադրբեջանի կողմից իրականացված սահմանադրական փոփոխությունները ոչ միայն փոխեցին Նախիջևանի ներքին կառավարման մոդելը, այլ նաև ազդարարեցին ամբողջ տարածաշրջանին ուղղված քաղաքական ուղերձ, որի բովանդակությունը շատ ավելի լայն է, քան կարող էր առաջին հայացքից թվալ։ Այդ փոփոխություններով Ադրբեջանը փաստացի ավարտեց դեռևս 2022 թվականից սկսած գործընթացը՝ ամբողջությամբ վերացնելով Նախիջևանի քաղաքական ինքնավարության բովանդակությունը և երկրամասի ամբողջ կառավարումը կենտրոնացնելով Բաքվում՝ անձամբ Ադրբեջանի նախագահի վերահսկողության ներքո։

Այս գործընթացի ամենանշանակալից բաղադրիչներից մեկը դարձավ Նախիջևանի Սահմանադրության նախաբանից 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի վերաբերյալ հիշատակումների ամբողջական հեռացումը։ Թեև առաջին հայացքից դա կարող է թվալ ընդամենը իրավատեխնիկական փոփոխություն, իրականում դրա նշանակությունը շատ ավելի խորքային է։ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը շուրջ մեկ դար հանդիսանում էին այն իրավաքաղաքական հիմքը, որի վրա կառուցվել էր Նախիջևանի ինքնավար կարգավիճակը Ադրբեջանի կազմում։ Այդ պայմանագրերը ոչ միայն սահմանում էին տարածքային պատկանելության հարցերը, այլև ստեղծում էին միջազգային իրավական այն համակարգը, որի շրջանակներում Ռուսաստանն ու Թուրքիան հանդես էին գալիս որպես որոշակի երաշխավորներ։ Այժմ, երբ այդ հղումները վերացված են, Ադրբեջանը փաստացի հայտարարում է, որ Նախիջևանի կարգավիճակի միակ աղբյուրը Ադրբեջանի Սահմանադրությունն է, իսկ դրա վերաբերյալ ցանկացած որոշում կարող է ընդունվել բացառապես Բաքվում՝ առանց որևէ արտաքին իրավաքաղաքական հղման։ Այս հանգամանքը չափազանց կարևոր է միջազգային զարգացումների տեսանկյունից։ Փաստացի Ադրբեջանը հայտարարում է, որ այլևս չի ընդունում նույնիսկ պատմականորեն ձևավորված այն իրավական մեխանիզմները, որոնք որևէ արտաքին դերակատարի հնարավորություն էին տալիս թեկուզ տեսականորեն անդրադառնալ Նախիջևանի կարգավիճակին։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը և Թուրքիան այլևս իրավական հիմք չունեն հանդես գալու որպես Նախիջևանի կարգավիճակի երաշխավորներ, քանի որ այդ երաշխավորության հիշատակումը պարզապես վերացվել է տարածաշրջանի հիմնական իրավական փաստաթղթերից մեկից։

Թեև միջազգային պայմանագրերը չեն դադարում գոյություն ունենալ միայն այն պատճառով, որ դրանց հիշատակումը հանվում է ներքին օրենսդրությունից, այնուամենայնիվ քաղաքական իմաստով սա շատ հստակ ազդակ է, որ Ադրբեջանը ձգտում է ազատվել բոլոր այն սահմանափակումներից, որոնք որևէ կերպ կարող էին կապել իր գործողությունները պատմական իրավական պարտավորությունների հետ։

Այս քաղաքականությունը պետք է դիտարկել 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո ձևավորված նոր իրականությունների համատեքստում։ Արցախի զավթումից, Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատումից և Արցախը հայթափելուց հետո Ադրբեջանում էապես փոխվել է պետական կառուցվածքի ընկալումը։ Եթե նախկինում իշխանությունները ստիպված էին որոշակիորեն հաշվի առնել ինքնավարության գաղափարը՝ որպես ներքին կառավարման առանձնահատկություն, ապա այժմ Բաքուն հետևողականորեն շարժվում է դեպի առավել կոշտ ունիտար պետության կառուցման ճանապարհով։ Այս տրամաբանության մեջ Նախիջևանի ինքնավարությունը սկսեց ընկալվել ոչ թե որպես առավելություն, այլ որպես անցյալի մնացորդ, որը հակասում է իշխանությունների պատկերացրած նոր պետական մոդելին։ Ադրբեջանի իշխանությունների համար ուժեղ կենտրոնացված կառավարումը միայն վարչական արդյունավետության հարց չէ։ Այն նաև անվտանգության և քաղաքական վերահսկողության գործիք է։ Տեղական իշխանությունների լիազորությունների սահմանափակումը հնարավորություն է տալիս ամբողջությամբ վերահսկել ֆինանսական հոսքերը, տնտեսական ծրագրերը, ներդրումային գործընթացները, անվտանգության համակարգը և քաղաքական կյանքը։

Ներքին պատճառների հետ մեկտեղ, ինչպես արդեն նշեցինք, Նախիջևանի ինքնավարության վերացումը շատ ավելի մեծ չափով պայմանավորված է տարածաշրջանային աշխարհաքաղաքական հաշվարկներով։ Այսօր Նախիջևանը դարձել է Հարավային Կովկասի ամենակարևոր աշխարհագրական հանգույցներից մեկը, քանի որ հենց այս տարածքով են անցնում կամ կարող են անցնել մի շարք ռազմավարական տրանսպորտային նախագծեր։ Նախիջևանի աշխարհագրական դիրքը այն դարձնում է այնպիսի տարածք, որի նկատմամբ վերահսկողությունը հնարավորություն է տալիս ազդելու ամբողջ տարածաշրջանի հաղորդակցային համակարգի վրա։ Հետևաբար, Բաքուն ձգտում է բացառել ցանկացած իրավիճակ, երբ այդ տարածքում որոշումների ընդունման գործընթացում կարող էին դեր ունենալ տեղական իշխանությունները կամ արտաքին դերակատարները։

Այս համատեքստում առավել տեսանելի է դառնում Իրանի գործոնը։ Իրանի համար Նախիջևանը միշտ ունեցել է առանձնահատուկ ռազմավարական նշանակություն։ Իրանը սահմանակից է Նախիջևանին և երկար տարիներ ապահովել է Ադրբեջանի հիմնական ցամաքային կապը դեպի այդ երկրամաս։ Եթե ապագայում ձևավորվեն նոր տրանսպորտային երթուղիներ, այդ թվում՝ Սյունիքով նախատեսվող ճանապարհները, որոնք էապես կնվազեցնեն Իրանի նշանակությունը, ապա Թեհրանը կկորցնի տարածաշրջանում իր ազդեցության կարևոր լծակներից մեկը։ Հենց այդ պատճառով Բաքուն շահագրգռված է, որ Նախիջևանի շուրջ որոշումների ընդունման գործընթացում Իրանը չունենա որևէ ազդեցության հնարավորություն։

Միաժամանակ նկատելի է նաև Ռուսաստանի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականության աստիճանական փոփոխությունը։ Երկար տարիներ Ռուսաստանը Հարավային Կովկասում պահպանում էր իր ազդեցությունը տարբեր իրավական, ռազմական և քաղաքական մեխանիզմների միջոցով։ Սակայն վերջին տարիներին Բաքուն հետևողականորեն փորձում է նվազեցնել այդ կախվածությունը։ Նախիջևանի Սահմանադրությունից Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հիշատակումների հեռացումը հենց այդ գործընթացի կարևոր դրսևորումներից մեկն է։ Փաստացի, Ադրբեջանը հայտարարում է, որ այլևս չի ցանկանում նույնիսկ խորհրդանշական մակարդակում ընդունել Ռուսաստանի որևէ առանձնահատուկ դեր այս տարածաշրջանում։

Սակայն այս ամբողջ գործընթացում առանձնահատուկ նշանակություն ունի Թուրքիայի գործոնը։ Եթե Ռուսաստանից հեռանալու միտումը ակնհայտ է, ապա դրան զուգահեռ նկատվում է Թուրքիայի հետ հարաբերությունների աննախադեպ խորացում։ Նախիջևանը տևական ժամանակ արդեն դարձել է թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության կարևորագույն հարթակներից մեկը։ Այստեղ իրականացվում են համատեղ ռազմական վարժանքներ, ենթակառուցվածքային ծրագրեր, էներգետիկ նախագծեր և անվտանգության ոլորտի համագործակցության տարբեր նախաձեռնություններ։ Ինքնավարության աստիճանական վերացումը նաև հնարավորություն է տալիս ավելի արագ ինտեգրել Նախիջևանը Թուրքիայի հետ իրականացվող լայնածավալ նախագծերին՝ առանց տեղական քաղաքական մեխանիզմների կամ իրավական առանձնահատկությունների։

Այս ամենը զգալի ազդեցություն ունի նաև Հայաստանի անվտանգության միջավայրի վրա։ Սա նշանակում է, որ Հայաստանի հարավ-արևմտյան ուղղությամբ ցանկացած քաղաքական, տնտեսական կամ ռազմական զարգացում անմիջապես վերահսկվելու է Բաքվի կողմից՝ առանց որևէ միջանկյալ կառույցի։ Բացի այդ, տարածաշրջանային հաղորդակցությունների շուրջ շարունակվող բանակցություններում նույնպես Նախիջևանի կարգավիճակի փոփոխությունը կարող է կարևոր դեր ունենալ։ Եթե նախկինում տեսականորեն հնարավոր էր խոսել ինքնավար կառույցների որոշակի մասնակցության մասին, ապա այժմ բոլոր բանակցությունները կենտրոնանալու են բացառապես Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների շուրջ։ Սա ուժեղացնում է Բաքվի բանակցային դիրքերը և նվազեցնում ցանկացած այլ դերակատարի ազդեցության հնարավորությունը։

Հատկանշական է նաև այն, որ այս գործընթացը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ ամբողջ Հարավային Կովկասում ընթանում է ազդեցության նոր բաշխում։ Թուրքիան փորձում է ընդլայնել իր ներկայությունը, Ռուսաստանը պայքարում է պահպանելու մնացած ազդեցությունը, Իրանը փորձում է կանխել տարածաշրջանային մեկուսացումը, իսկ արևմտյան երկրները ձգտում են մեծացնել իրենց քաղաքական և տնտեսական ներգրավվածությունը։ Այս պայմաններում Նախիջևանը վերածվում է այն եզակի տարածքներից մեկի, որտեղ հատվում են գրեթե բոլոր հիմնական աշխարհաքաղաքական շահերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում