Բաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները
Պաշտոնական Բաքուն ոչ միայն չի հերքում Ստեփանակերտում և Արցախի մյուս տարածքներում հայկական եկեղեցիների ոչնչացման փաստը, այլև դա անհրաժեշտ պայման է համարում։ Ադրբեջանի նախագահ Հիքմեթ Հաջիևը երեկ մի խումբ երկրների դեսպանների տարել է Արցախ, ցուցադրել իրենց ջարդարարության հետևանքները, այնտեղ էլ հայտարարել, թե հայկական եկեղեցիների քանդումը բխում է Ադրբեջանի օրենսդրությունից և միջազգային նորմերից։ Հաջիևն, ի դեպ, չի էլ բացառում, որ հետագայում նման դեպքերը կարող են կրկնվել։
«Ադրբեջանը այդ տարածքներում իրականացնում է լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքներ, և այդ շրջանակներում քայլեր են ձեռնարկվում օկուպացիայի ընթացքում անօրինական կերպով կառուցված որոշակի կառույցների վերաբերյալ», - հայտարարել է Հաջիևը։
Այդ առնչությամբ դժգոհությունները նա որակել է որպես սխալ և սադրիչ դիրքորոշում։ Հաջիևը հասկացնել է տվել, որ Ադրբեջանը շարունակելու է իրականացնել այդ բարբարոսական քաղաքականությունը։ Ավելին, Ադրբեջանի խորհրդարանը կասեցրել է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ նախօրեին «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական կայունությանը» բանաձևի ընդունումից հետո։ Ադրբեջանցիներին հատկապես հունից հանել է բանաձևում Արցախի հարցի մասին հիշատակումը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բաքվում Եվրամիության դեսպան Մարիանա Կույունչիչին և նրան բողոքի նոտա է փոխանցել Եվրախորհրդարանի բանաձևի վերաբերյալ։ Բնական է՝ տարօրինակ է դիտվում Հայաստանի գործող իշխանությունների պահվածքը, որոնք ամեն կերպ փորձում են խուսափել հայկական ճարտարապետական հուշարձանների քանդումը դատապարտող հայտարարություններից, ուստի և բոլորովին զարմանալի չէ նույն Հաջիևի մեկ այլ հայտարարությունը, թե Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ։
Հայաստանի հետ, իհարկե, որևէ բարիդրացիական հարաբերություն չկա, այդպիսի միակ հարաբերությունը փաշինյանական իշխանության հետ է։
Սոնա Գալստյան