Ձերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում
Վերջին օրերին Հայաստանում արձանագրվող ձերբակալությունների ալիքը սրել է ներքաղաքական իրավիճակը՝ առաջ բերելով լուրջ քննարկումներ թե՛ իրավական գործընթացների բովանդակության, թե՛ դրանց քաղաքական ենթատեքստի շուրջ։ Տեղի ունեցող զարգացումները, ըստ տարբեր գնահատականների, վկայում են, որ իշխանությունը պատրաստ է առավել կոշտ քայլերի՝ սեփական դիրքերը պահպանելու և քաղաքական դաշտը վերահսկելի պահելու նպատակով։
Այս համատեքստում ընդդիմադիր շրջանակների նկատմամբ ճնշումների մասին խոսակցությունները ավելի հաճախակի են դարձել։ Քաղաքական դաշտում ձևավորվող մթնոլորտը բնութագրվում է որպես լարված և անվստահության վրա կառուցված, որտեղ իրավապահ գործողությունները ընկալվում են ոչ միայն որպես քրեական գործերի շրջանակում իրականացվող քայլեր, այլ նաև որպես քաղաքական ազդեցության գործիք։
Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրել է․ «Հետևելով Հայաստանում այսօրվա լայնամասշտաբ ձերբակալությունների ընթացքին, տեսնելով, թե ինչպես են ինչ-որ «ձայնագրությունների» հիման վրա մարդկանց պիտակավորում՝ ակամա զուգահեռներ եմ անցկացնում պատմության ամենամութ՝ Ստալինյան ժամանակաշրջանի հետ։ Այն ժամանակ էլ էին մարդկանց «մեղավոր» հռչակում դեռ դատարան չհասած. պարզապես պետք էր համատարած վախի մթնոլորտ ստեղծել։ Բայց եկեք հասկանանք, թե իրականում ինչ է թաքնված այս ամենի հետևում։ Դեռ ոչինչ ապացուցված չէ, դեռ չկա դատարանի ոչ մի օրինական վճիռ, բայց մարդկանց արդեն թիրախավորում են, նրանց անունները հանրայնացնում են լուրերով՝ փորձելով կոտրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց համակիրների կամքը։ Սա բռնաճնշման դասական ձեռագիր է, երբ օրենքը ծառայեցվում է քաղաքական նպատակներին։ Իմ տարիների փորձը հուշում է՝ երբ պետությունը սկսում է գործել նման շտապողականությամբ ու ցուցադրական կոշտությամբ, նշանակում է՝ իրական նպատակը ոչ թե արդարադատությունն է, այլ քաղաքական հակառակորդին ամեն գնով լռեցնելը»։
Քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանն իր գնահատականում ևս ուշադրություն է հրավիրում իշխանության գործողությունների համակարգային բնույթի վրա՝ նշելով․ «Տարիքն ու սեռը նշանակություն չունեն. Փաշինյանը ձերբակալելու նպատակով փնտրում է թեկնածու: ՀՀ-ում դեռևս չի եղել որևէ իշխանություն, որը ստիպված լինի քրեական գործ հարուցել գրեթե ողջ հանրության դեմ, որպեսզի այդ միջոցով հնարավորություն ստանա վերարտադրվելու։ Այդ համատեքստում էլ թերևս կարելի է դիտարկել նաև ՔՊ-ական որոշ պատգամավորների ագրեսիվ պահվածքը և՛ իրենց քաղաքական օպոնենտերի հետ «հարաբերվելիս» և՛ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Նման պահվածքի իրական մոտիվացիան ոչ թե իրենց ներքին «դուխն» է, այլ վախն ու փաստարկների բացակայությունը»։
Միևնույն ժամանակ, քաղաքական գործընթացների շրջանակում առանձնահատուկ ուշադրության են արժանանում նաև վերջին շրջանում ակտիվացած սոցիալական նախաձեռնությունները և բարեփոխումները։ Քաղաքական գործիչ Անի Սամսոնյանը, անդրադառնալով այս հարցին, ընդգծում է միջազգային կառույցների գնահատականների կարևորությունը՝ նշելով․ «Միջազգային կազմակերպությունները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և IFES միջազգային հիմնադրամը իրենց փաստաթղթերում հստակ նշում են, որ՝ պետական ռեսուրսների օգտագործումը ընտրություններին ազդեցություն ունենալու համար դիտարկվում է որպես ընտրակաշառք և բյուջետային ծախսերի ընտրական նպատակներով օգտագործում: Ըստ այդմ իշխանության կողմից հայտարարված սոցիալական քաղաքականությունը գնահատվում է որպես քողարկված ընտրակաշառք: Եվ Հայաստանի իշխանության դեպքում ակնհայտ է, որ այդ բարեփոխումները արվում են ձայնի դիմաց, որովհետև մինչև այդ չէին պատրաստվում բարձրացնել թոշակները, գյուղացիները ճռում էին վարկային բեռի տակ, իսկ գործարարների նկատմամբ իրականացվում էր հարկային և պետական ռեկետ»։
Ստեղծված իրադրությունը, ըստ փորձագիտական շրջանակների, վկայում է, որ պետական կառավարման գործիքները ավելի հաճախ են կիրառվում քաղաքական մրցակցության պայմաններում։ Սա խորացնում է հասարակության ներսում առկա բևեռացումը և բարձրացնում անվստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։ Նման պայմաններում քաղաքական գործընթացների թափանցիկությունն ու իրավական հստակությունը դառնում են առանցքային պահանջներ, որոնց ապահովումը կարևոր է ոչ միայն ներքին կայունության, այլև երկրի միջազգային հեղինակության պահպանման տեսանկյունից։
Այս ֆոնին շարունակվող զարգացումները, ինչպես նշվում է, կարող են ունենալ երկարաժամկետ ազդեցություն քաղաքական համակարգի վրա՝ ձևավորելով այնպիսի միջավայր, որտեղ քաղաքական գործունեությունը ընկալվում է որպես բարձր ռիսկային գործընթաց։