Մենք հասնում ենք մեր համախմբման երազանքին․ Նարեկ Կարապետյան
Մարդիկ կան՝ մտածում են մեր ազգը քնել է, թմբիրի մեջ է, և կարող են անել այն, ինչ ուզում են։ Այսքան միավորված հայ մարդ տեսնելով՝ հասկանում եմ, որ մենք հասնում ենք մեր համախմբման երազանքին։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքի ժամանակ հայտարարել է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Ես գիտեմ, թե ինչն է ձեզ հետ պահում հավատալու մեր ապագա հաջողություններին․ ձեզ բազմիցս խոսք են տվել, որ ունենալու եք ամեն ինչ, բայց չեն կատարել այդ խոստումը։ Երբեմն հասկանալով, երբեմն չհասկանալով արել են քայլեր, որոնք թուլացրել են մեր երկիրը։ Բայց քեզ թուլություն չի սազում հայ ազգ, չենք համակերպվելու»,- նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ 10 ամիս առաջ չէին կարող պատկերացնել, որ այսօր ազդարարելու են երկրում շրջադարձային փոփոխությունների մեկնարկի մասին։
«10 ամիս առաջ, երբ մենք Սամվել Կարապետյանի հետ այցելեցինք Էջմիածնի Մայր Տաճար, ես ենթադրել անգամ չէի կարող, որ կարող ենք այսօր տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների հետ այստեղ ազդարարել երկրում շրջադարձային փոփոխությունների սկիզբը։ Մեզ առաջնորդել է նախախնամությունը, և արել ենք ու անում ենք ամեն ինչ, որ բերենք մեզ այդքան անհրաժեշտ փոփոխությունը»,- ընդգծել է Կարապետյանը։