Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

With IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
Politics

«Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում շուրջ 1400 դպրոցների մեկ երրորդը՝ 400-ից մի քիչ ավելին, հարյուրից քիչ աշակերտ ունի։ 400-ից առանձնացրել են մոտավորապես կեսը՝ մոտ 230-ը, և նախատեսել բյուջետային խնայողություններ կատարել։ Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ։ Ծախսերն օպտիմալացնելու նկատառմամբ մտածել են, որ կարելի է բոլոր երեխաներին տանել և կենտրոնացնել մի քանի դպրոցներում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «ՀայաՔվեի» կրթամշակութային հանձնախմբի համակարգող, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը, երբ անդրադառնում ենք մարզերում դպրոցների փակման՝ կառավարության որոշմանը։

Նա բերում է կոնկրետ օրինակներ։ «Ամենաաղետալի վիճակը Սյունիքում և Շիրակում է։ Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում բնակավայրերի թիվը 26 է։ Վերջին յոթ տարվա ընթացքում այդ 26 բնակավայրից արդեն յոթում դպրոցները փակվել են։ Այս պահի դրությամբ գործում է 19 գյուղի դպրոց, իսկ մնացած յոթի աշակերտները հաճախում են հարևան գյուղերի դպրոցները։ Հիմա այս ծրագրով նախատեսվում է այդ 19 գյուղի դպրոցներից թողնել ընդամենը չորսը, ինչը նշանակում է, որ մնացած 15 դպրոցների աշակերտները ևս սկսելու են հաճախել հարևան գյուղերի դպրոցներ։ Սա ուղղակի անթույլատրելի է։ Դա նշանակում է կորցնել այդ բնակավայրերը, որովհետև այն յոթ գյուղում, որտեղ արդեն դպրոցները փակվել են, բնակչությունը նվազել է, մոտավորապես կիսվել է։ Շատերն ուղղակի ընտանիքներով Ամասիայից տեղափոխվել են Գյումրի։ Ասում ենք՝ այս պրոցեսն արագացվելու է, եթե մնացած բնակավայրերում ևս դպրոցները փակվեն։ Դպրոցները փակելու հիմնավորումն, ըստ էության, ֆինանսական է, որովհետև փոքր թվաքանակով աշակերտների պարագայում շատ ուսուցիչներ ենք ունենում, և նրանք վարձատրվում են ամբողջ դրույքով։ Համապատասխան որոշման համաձայն՝ 2023 թվականից սկսած, եթե անգամ աշակերտների, դասարանների թիվը քիչ է լինում, ուսուցիչները, միևնույնն է, պետք է ամբողջ դրույքով վարձատրվեն, և դա փոքր դպրոցների ծախսերը մեծացրել է։ Կարծում ենք, որ ավելի լավ է շատ ծախս անել, դպրոցը պահել, քան այն փակել։ Ուսուցիչներից բացի, դպրոցն ունի լրացուցիչ աշխատակազմ, որոնք ևս կորցնելու են իրենց աշխատանքը։ Թվերի լեզվով խոսենք։ 229 փակվող դպրոցում հիմա աշխատում է 2310 ուսուցիչ, իսկ օժանդակ աշխատակազմը՝ մոտ 2400 մարդ։ Այդ 229 դպրոցում սովորող աշակերտների թիվը մոտ 8700 է։ Ստացվում է, որ քանդվելու են այս ենթակառուցվածքները։

Ասվում է, որ ուսուցիչներին կտեղափոխեն հարակից գյուղերի դպրոցները, բայց պարզ է, որ նրանց կարիքն այդ դպրոցներում այնքան էլ չի լինելու։ Փակվող դպրոցներից տեղափոխվող աշակերտները համալրելու են եղած դասարանները, նրանց համար նոր դասարան չի բացվելու։ Սա նշանակում է, որ ուսուցիչների զգալի մասը՝ 90 տոկոսից ավելին, կորցնելու է իր աշխատանքը։ Սրա հետևանքով սոցիալական հարցերն էլ են բարդանալու, հատկապես սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում»,-նկատում է մեր զրուցակիցը։

«ՀայաՔվեն» ունի իր առաջարկը, թե ինչ պետք է անել։ «Մեր առաջարկը հետևյալն է՝ ձեռք չտալ տարրական և միջին դպրոցին։ Եթե անգամ 20, 30 աշակերտ է, միևնույնն է, պահպանել տարրական և միջին դպրոցը, այսինքն՝ մինչև 9-րդ դասարանը երեխաները պարտադիր դպրոց հաճախեն իրենց բնակավայրում։ Իսկ ավագ դպրոցի պարագայում նույնիսկ արդյունավետ է կենտրոնացնելը։ Դա հնարավորություն կտա երեխաներին հոսքերով դասարաններ հաճախել մեծ բնակավայրերում։ Կարելի է կազմակերպել այդ կենտրոնացումը, օպտիմալացումը ավագ դպրոցների պարագայում։ Զարգացած երկրներում ավագ դպրոցը՝ «High school»-ը, կազմակերպում են կենտրոնացված, որը հնարավորություն է տալիս երեխաներին մասնագիտական ընտրություն կատարել, նաև նախապատրաստում նրանց բուհական կյանքին։ Դժվար է երեխայի համար փոքր գյուղի դպրոցից միանգամից հայտնվել համալսարանում և շատ մեծ միջավայրում։ Լավ կլինի, որ այդ միջանկյալ հատվածը երեխաներն անցկացնեն խոշորացված ավագ դպրոցներում: Այդպիսով՝ նաև կրթության արդյունավետությունը կբարձրանա։ Այս դեպքում ոչ թե 229 դպրոց կփակվի, կկենտրոնանա, ասենք, 50 դպրոցում, այլ խոշոր ավագ դպրոցներ կլինեն, ինչը շատ լավ հնարավորություններ կտա մեր երեխաներին։ Լեզուների ուսուցում կիրականացվի, իրար հետ կշփվեն, և կրթության որակը կբարելավվի»,-հավելում է փորձագետը։

Դպրոցին հաջորդում է բուհական կրթությունը, որտեղ ամեն տարի արձանագրում ենք ուսանողների թվի նվազում՝ տարբեր պատճառներով պայմանավորված։ Եվ եթե մի քանի մասնագիտացումների մասով պահանջարկը մեծ է, ապա շատ են նաև այնպիսինները, որոնք առհասարակ դադարել են գրավիչ լինել երիտասարդների համար, իսկ պետության համար կարևոր է այդ մասնագիտություններին տիրապետող մասնագետներ ունենալը։ Մխիթարյանն ասում է՝ բուհական, համալսարանական կրթության առումով պետք է գնանք ռադիկալ փոփոխությունների։ «Նախ՝ պետք է վերացնել ընդունելության քննությունները ընդհանրապես, և ընդունելությունը թողնել համալսարաններին, ինչպես դա զարգացած երկրներում են անում։ Համալսարանները հայտարարում են այն նվազագույն շեմը, որով դիմորդը դպրոցական քննությունների կամ հավաքած կրեդիտների հիման վրա կարող է ընդունվել բուհեր։ Երկրորդ՝ պետական ուսումնական հաստատություններում կրթությունը պետք է դարձնել անվճար, այն է՝ պետական պատվերով։ Սա շատ մեծ գումարների հետ կապված չէ։ Վերջին տասը տարվա ընթացքում 100 հազարից ուսանողների թիվն իջել է մինչև 70-75 հազարի, նրանցից մոտ տասը հազարը պետպատվերով է սովորում, հինգտասը հազարը՝ ոչ պետական բուհերում։ Ստացվում է՝ 55-60 հազար ուսանողի վարձավճարի մասին ենք խոսում։ Տարեկան մոտավորապես 25-30 միլիարդ դրամի մասին է խոսքը։ Եթե այն համեմատում ենք տարեկան պարգևավճարների չափի հետ, որ մոտավորապես 7 միլիարդ դրամ է, ստացվում է, որ կարելի է մի քանի տարի պարգևավճարներ չտալ քաղաքական պաշտոնյաներին, և դրանով կփակվի մեր բուհերում անվճար կրթություն տալու հարցը։ Ձգտում ունեցող երեխաներ ունենք հատկապես փոքր բնակավայրերի դպրոցներում, և հատկապես այդ դպրոցների շրջանավարտներն են, որ չեն կարողանում իրենց ցանկալի ուսումը ստանալ Երևանում՝ բուհերում, որովհետև սոցիալական խնդիրներ ունեն, կամ նույնիսկ, եթե ընդունվում են բուհ, ստիպված են լինում զուգահեռ աշխատել, որպեսզի կարողանան ուսման համար վճարել։

Կրթությանը հատկացվում է մեր ՀՆԱ-ի չնչին՝ ամենաշատը մինչև 3 տոկոսը։ Նորմալ երկրներում 7, 8, 10 տոկոս է։ Անհրաժեշտ է մեծացնել պետական բյուջեի՝ կրթության ոլորտի ծախսերը։ ՀՆԱ-ի 5 տոկոսն առնվազն պետք է հատկացնել կրթությանը։ Կարծում եմ՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ բոլոր այն մարդիկ, որոնք մտահոգված են կրթության հարցերով, պետք է պահանջեն, որ քաղաքական բոլոր կուսակցությունները, որոնք մասնակցում են ընտրություններին, իրենց ծրագրերում ունենան ՀՆԱ-ի առնվազն 5 տոկոսը կրթությանը հատկացնելու հարցը։ Այդ պարագայում բոլոր խնդիրները կլուծենք մեկ-երկու տարվա ընթացքում»,-ասում է նա։

Իշխանությունների՝ կրթության ոլորտում կատարած նորամուծություններից մեկը դարձավ ուսուցիչների ատեստավորումը։ Փորձագետի խոսքով, ժամանակը ցույց տվեց դրա անարդյունավետությունը։ «Ատեստավորման գործընթացին մասնակցած ուսուցիչների կյանքում էական որևէ բան չի փոխվում, կրթության որակը շարունակում է անկում ապրել, և ի հայտ են գալիս մեր հասարակությանը բնորոշ վատ երևույթներ, մասնավորապես՝ կոռուպցիան։ Շատ դեպքերում սուբյեկտիվ կազմված թեստերը հանգեցնում են նրան, որ թեստեր կազմողները որոշ խողովակներով հնարավորություն են ունենում ուսուցիչներին նախապես տրամադրել թեստերը, կարելի է ասել՝ վաճառում են դրանք։ Դա ակնհայտ դարձավ վերջերս մի օրինակի վրա։ Թեստերում տպագրական սխալ կար։ Օրինակ՝ խնդրի պատասխանը պետք է լիներ 100, բայց 10 է տպագրվել, և պարզվեց, որ մասնակից ուսուցիչների ուղիղ կեսը պատասխանը 10 էր գրել։ Երկրորդ վատ երևույթը, որն ի հայտ եկավ, մասնակից և բարձր բալեր հավաքած ուսուցիչները սկսեցին գումարով պարապել մյուս ուսուցիչների հետ։ Ուսուցիչները, որոնք պատրաստվում են գնալ ատեստավորման, փնտրում և գտնում են այն ուսուցիչներին, որոնք հաղթահարել են ատեստավորումը բարձր բալերով, վճարում են նրանց, որպեսզի պարապեն նրանց մոտ և կարողանան այդ թեստերը հաղթահարել։ Դա արդեն շատ տարածված երևույթ է, և այս ամբողջը, ցավոք, որևէ ազդեցություն կրթության որակի վրա չի ունենում։ Ստացվում է՝ ուսուցիչները պարապում են, որպեսզի հաղթահարեն թեստերը, այն ժամանակը, որ նրանք տրամադրում են դրան, չեն տրամադրում իրենց մասնագիտական զարգացմանը, ուսումնական պլանների կազմմանը, երեխաների հետ աշխատանքին, այսինքն՝ հակառակ էֆեկտ է ունենում։ Այս արատավոր համակարգն արդեն արմատավորվում է մեր հասարակության մեջ՝ փողով և պարապելով այդ ամբողջն անել՝ ի հաշիվ իրական կրթության»,եզրափակում է Ատոմ Մխիթարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում