Ջրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել
Հունվարի 24-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 7 կմ-ին կանգնեցրել են Կարմիր գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդու վարած «Օպել» մակնիշի մեքենան։ Վարորդը բեռնախցիկից ներկայացրել է 391 հատ՝ ընդհանուր մոտ 182 կգ սիգ տեսակի ձուկ և հայտնել, թե այն գնել է անծանոթ անձից։
Այս դեպքից մոտ չորս ժամ անց ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 55 կմ-ին կանգնեցրել են Գավառի բնակիչ 53-ամյա տղամարդու վարած «Ֆորդը»։ Վարորդը ներկայացրել է ընդհանուր 100 կիլոգրամ քաշով 300 սիգ։ Նա նույնպես հայտնել է, թե ձուկը գնել է անծանոթ անձից։
Երկու դեպքով էլ հայտնաբերվածը հանձնվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժին։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։