Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Politics

Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տարածքային անհամաչափ զարգացումը ժամանակակից հանրային, տնտեսական և սոցիալական դիսկուրսի ամենաակտուալ և դժվար լուծվող խնդիրներից է, որը տարիներ շարունակ ձևավորել է երկրի սոցիալ-տնտեսական դիմագիծը և խորացրել է կենտրոն-մարզ հարաբերությունների բևեռացվածությունը։ Այս խնդիրը միայն թվային ցուցանիշների կամ մակերեսային սոցիալ-տնտեսական տեմպերի հարց չէ։ Այն ներառում է կառավարման արդյունավետության, սոցիալական արդարության, ժողովրդագրական կայունության, ազգային անվտանգության և երկարաժամկետ զարգացման կենսունակության խորքային շերտերը։

Երևանն այսօր ոչ միայն երկրի վարչական և քաղաքական կենտրոնն է, այլև տնտեսական, մշակութային, կրթական ու ֆինանսական գրավիտացիայի հիմնական առանցքը, մինչդեռ Հայաստանի այլ տարածաշրջանները հաճախ հայտնվում են զարգացման ծայրամասում՝ կորցնելով մարդկային, տնտեսական ու ինստիտուցիոնալ ռեսուրսներ և աստիճանաբար մարգինալացվելով։

Տարածքային անհամաչափ զարգացման արմատները բազմաշերտ են և պատմականորեն պայմանավորված են ինչպես խորհրդային ժամանակաշրջանի կենտրոնացված կառավարման մոդելով, այնպես էլ անկախության տարիներին ստեղծված տնտեսական կառուցվածքային փոփոխություններով։ Խորհրդային տարիներին կենտրոնացված պլանային տնտեսությունը խթանում էր որոշակի արդյունաբերական կենտրոնների ձևավորում, ինչը նպաստեց Երևանի և մի քանի այլ քաղաքների գերիշխող դիրքի ամրապնդմանը, իսկ անկախության առաջին տարիներին շուկայական տնտեսությանն անցումը, մասնավորեցման անհավասար գործընթացները, նոր ներդրումային հոսքերի՝ հիմնականում մայրաքաղաքում կենտրոնացումը էլ ավելի խորացրեցին այս բևեռացումը։ Արդյունքում այսօր Երևանը կենտրոնացնում է երկրի տնտեսական ակտիվության ավելի քան կեսը, գրեթե բոլոր խոշոր գործարար, ֆինանսական, կրթական, առողջապահական և մշակութային հաստատությունները, մինչդեռ մարզերում նկատվում է արտադրական կարողությունների անկում, ենթակառուցվածքների ֆիզիկական և բարոյական մաշվածություն, գործազրկության բարձր մակարդակ, երիտասարդության արտահոսք և բնակչության բնական նվազում։

Մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի դիտարկումը ցույց է տալիս, որ անգամ այն տարածաշրջանները, որոնք ունեն բնական-ռեսուրսային, զբոսաշրջային կամ գյուղատնտեսական մեծ ներուժ, հաճախ չեն կարողանում օգտագործել իրենց հնարավորությունները՝ ենթակառուցվածքների բացակայության, կապիտալի պակասի, լոգիստիկ ու շուկայական հասանելիության սահմանափակումների և կառավարման տեղային ունակությունների թուլության պատճառով։ Տեղական ինքնակառավարման մարմինները հաճախ չունեն բավարար ֆինանսական, մարդկային և տեխնիկական ռեսուրսներ՝ ինքնուրույն զարգացման ռազմավարություն մշակելու և իրականացնելու համար, իսկ պետական ծրագրերը առավելապես կրում են կարճաժամկետ, հատվածական և ձևական բնույթ։ Բացի այդ, մարզերում ներդրողների համար գրավչությունը մնում է ցածր՝ անկախ մեղմ հարկային արտոնություններից և պետական որոշակի աջակցության ծրագրերից, քանի որ շուկայի փոքրությունն ու հեռավորությունը, ենթակառուցվածքների անբավարար վիճակն ու որակյալ աշխատանքային ուժի պակասը լրջորեն սահմանափակում են տնտեսական ակտիվությունը։

Տարածքային անհամաչափ զարգացման ամենաակնառու հետևանքներից է մարզային բնակչության՝ այդպես էլ կանգ չառնող արտագաղթը դեպի Երևան կամ արտերկիր։ Այս գործընթացը ոչ միայն հանգեցնում է մարզերի ժողովրդագրական կազմի աղճատմանը, ծերացմանը և աշխատունակության նվազմանը, այլև խորացնում է սոցիալական անհավասարությունը, ստեղծում է կրթական, առողջապահական և մշակութային ծառայությունների հասանելիության լուրջ խնդիրներ։ Մարզերում հաճախ փակվում են դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, մշակութային կենտրոններ՝ բնակչության թվի նվազման պատճառով, ինչի հետևանքով իրականություն է դառնում անշրջելիության վտանգի ներքո գտնվող սոցիալական «անապատացման» գործընթացը։ Այս իրավիճակը հատկապես վտանգավոր է սահմանամերձ և լեռնային համայնքների համար, որտեղ բնակչության արտահոսքը կարող է բերել ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև անվտանգության հարցերի սրման։

Դատարկվող գոտիները կորցնում են իրենց ռազմավարական նշանակությունը, իսկ տեղական համայնքների թուլացումը կարող է հանգեցնել պետական վերահսկողության նվազման ու սահմանային ռիսկերի աճի։

Տարածքային անհամաչափ զարգացման տնտեսական հետևանքները արտահայտվում են երկրի ընդհանուր մրցունակության նվազման, ներդրումային գրավչության անկման և տնտեսական աճի ներուժի թուլացման տեսքով։ Երբ երկրի ռեսուրսների զգալի մասը կենտրոնացած է մեկ քաղաքում, իսկ մնացած տարածքները զուրկ են զարգացումից, տեղի է ունենում տնտեսական պոտենցիալի կորուստ, նվազում է աշխատուժի որակն ու արդյունավետությունը, կրճատվում են նորարարական հնարավորությունները։ Տնտեսությունը մեծամասամբ կախված է լինում գերկենտրոնացած տարածքի միջավայրից, իսկ դա նշանակում է, որ մայրաքաղաքում կամ հարակից շրջաններում ցանկացած ճգնաժամ կարող է ունենալ կործանարար ազդեցություն ողջ պետության համար։ Մարզերի տնտեսության թուլությունը նաև խոչընդոտում է երկրի ներքին շուկայի ընդլայնմանը, սահմանափակում է արտահանման հնարավորությունները, խաթարում է տեղական արտադրության զարգացումը և խորացնում է կախվածությունը ներմուծումից։

Սոցիալական և մշակութային առումով տարածքային անհամաչափ զարգացումը հանգեցնում է արժեքային համակարգերի բևեռացման, հասարակության ներսում բաժանարար գծերի խորացման։ Երևանում ձևավորվում է ժամանակակից, դինամիկ, տեղեկատվության հոսքերին ինտեգրված երիտասարդություն, մինչդեռ մարզերում աճում է սոցիալական պասիվությունը, ապագայի հանդեպ անվստահությունը, արժեքների պահպանողականությունը և նորարարության հանդեպ դիմադրությունը։ Այս տարբերությունը կարող է ժամանակի ընթացքում վերածվել ոչ միայն սոցիալական խզման, այլև քաղաքական ու մշակութային պառակտման, երբ բնակչության տարբեր խմբեր սկսում են տարբերվող օրակարգեր ձևավորել՝ չունենալով ընդհանուր տեսլական և միասնական նպատակներ։

Եթե տարածքային անհամաչափ զարգացման միտումները շարունակվեն առանց արմատական միջամտությունների և համակարգային քաղաքականության, Հայաստանը կարող է կանգնել անդառնալի հետևանքների առջև։ Նախ՝ մարզերի շարունակական դատարկումը և սոցիալ-տնտեսական մարգինալացումը կարող են հանգեցնել բնակչության առավել խիստ կենտրոնացման Երևանում և հարակից տարածքներում՝ ստեղծելով գերբնակեցման, տրանսպորտային, բնակարանային, էկոլոգիական և սոցիալական լուրջ ճգնաժամեր։ Միևնույն ժամանակ, մարզերի տնտեսության, ենթակառուցվածքների և համայնքային կյանքի շարունակական թուլացումը կարող է հանգեցնել պետական կառավարման դեգրադացման, համայնքային ինքնակազմակերպման հնարավորությունների կորստի, նոր սոցիալական կոնֆլիկտների և նույնիսկ անվտանգային սպառնալիքների աճի։ Իսկ երկրաշարժերի, բնական աղետների կամ այլ արտակարգ իրավիճակների դեպքում զարգացման կենտրոնացվածությունը կարող է դառնալ ողբերգական հետևանքների պատճառ։

Տարածքային անհամաչափ զարգացման հաղթահարման համար անհրաժեշտ է մշակել և հետևողականորեն իրականացնել համապարփակ, երկարաժամկետ և համակողմանի ռազմավարություն, որը միաժամանակ կներառի տնտեսական, սոցիալական, կառավարման, ենթակառուցվածքային և մշակութային բաղադրիչներ։ Պետական քաղաքականությունը պետք է խթանի ներդրումները մարզերում, ապահովի ենթակառուցվածքների արդիականացումը, ստեղծի գործարար միջավայրի բարելավման իրական նախապայմաններ, աջակցի տեղական ձեռնարկատիրության զարգացմանը, խրախուսի մարդկային կապիտալի աճը և կրթության որակի բարձրացումը մարզերում։

Հայաստանի ապագան անմիջականորեն կապված է տարածքային համաչափ զարգացման ապահովման հետ։ Եվ քանի որ ամիսներ անց Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում, ապա ակնկալվում է, որ քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծրագրերում հատուկ տեղ կհատկացնեն այս թեմային։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում