Ազատվե՛ք ձեր միջի ատելությունից, դա շատ հեշտ է անել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայ առաքելական սուրբ եկեղեցին որևէ կերպ չի համակերպվում ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից վարվող հատկապես արտաքին քաղաքականությանը, և արդյունքում վտանգվում է ազգային միասնականությունը, վերակենդանանում են տարաբնույթ ձկնորսներ, որոնք սովոր են միայն պղտոր ջրում ձուկ որսալ, ինչը և ավելի է նպաստում հասարակության պառակտմանը։
Թեև բազմիցս նշել ենք, որ հակաեկեղեցական արշավը խորքի մեջ սկսված էր դեռևս 2018 թվականից, սակայն այդ արշավը ավելի հզոր չի եղել, քան 1917-1991 թվականների հակաեկեղեցական բազմակողմանի արշավները։ Եկեղեցին կարողացել է, այսպես ասած, լեզու գտնել աստվածամարտ կոմունիստների և ոչ միայն նրանց հետ ու պահպանել է ազգային արժեքները, պահել է ազգային պայքարի ոգին, մեծագույն ջանքեր է գործադրել օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, այլ ազգանպաստ ծրագրերում և, իհարկե, Արցախի ազատագրման հարցում։
Սակայն պետք է նշենք նաև, որ ներքաղաքական և ներհասարակական կյանքում առկա էին բազմաթիվ անարդարություններ։ Այն ժամանակ էլ կար մեկ այլ ծայրահեղություն, երբ որևէ մեկը համարձակվեր հակաեկեղեցական կամ Վեհափառ Հայրապետին քննադատող որևէ հրապարակային խոսք ասել, ապա մեծ մասամբ այդ մարդիկ կարող էին կա՛մ միաբջիջ հաստավիզ ձրիակերների կողմից, կա՛մ պետական մարմինների կողմից ենթարկվել բռնաճնշումների։ Այլ խոսքով, առկա էր Եկեղեցու սերտաճում Պետության հետ։ Այդուհանդերձ, ինչո՞ւ Հայ եկեղեցուն հաջողվեց լեզու գտնել աստվածամարտ կոմունիստների և նրանց հետևորդների հետ, իսկ ներկայիս իշխանությունների հետ չի հաջողվում։ Չեմ կարծում, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը մեղավոր է այդ հարցում։ Այստեղ պատճառները բավականին խորքային են և որևէ կապ չունեն ո՛չ կուսակրոնության հետ, ո՛չ ինչ-որ արարքներ կոծկելու հետ, ո՛չ արտաքին ուժերի հետ իբր կապեր ունենալու հետ և ո՛չ էլ այն բարձրաձայնվող մեղադրանքների հետ, որոնք ներկայացվում են ՀՀ իշխանությունների կողմից։
Իրականում ընդամենը պետք է կամքի ուժ գտնել և ձերբազատվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդեպ ունեցած անհիմն ատելությունից և երկխոսել ո՛չ թե «հանգստի կոչելու» մասին, այլ խաղաղ ու համերաշխ ապրելու մասին։ Եթե ձեր համար Արցախի հարցը փակված է, ապա դուք դրա մասին մի՛ խոսեք, բայց պետք չէ փակել մարդկանց բերանները, որովհետև, համահունչ Սուրբգրային խոսքի, միևնույնն է, եթե անգամ Եկեղեցին Արցախի մասին չխոսի, ապա քարերը պիտի աղաղակեն։ Դիվանագիտությունը նրա համար է, որպեսզի կարողանանք բացատրել հարևաններին, որ, ինչպես մեր բլուրը ձեր բարձր սարին վնաս չէ, այնպես էլ մեր բարձր սարը ձեր կիսալուսնին վնաս չէ։ Հանդիպեք ու հաշտվեք։ Ազատվե՛ք ձեր միջի ատելությունից, դա շատ հեշտ է անել։ Եկեղեցին անսասան է և անպարտելի, իզուր մի՛ փչացրեք հոգևորականներին ու ամեն կիրակի մի՛ պղծեք Հայոց Սրբությունները։
ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում