Արագածոտնում դպրոցի բակում 9–ամյա տղաներ են վիճել. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
Հունվարի 16-ին, վիճաբանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մարզի գյուղերից մեկի դպրոցի բակում դասընկերոջ կողմից քթին հարվածելու հետևանքով «Քթի փակ վնասվածք, կոտրվածք հարցականով, քթային արնահոսություն» ախտորոշմամբ «Ապարան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 9-ամյա Դ․ Բ․-ն է։ Պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։30-ի սահմաններում միջնակարգ դպրոցի բակում վիճաբանություն է տեղի ունեցել Դ․ Բ․-ի և իր համադասարանցիներ 9-ամյա Ա․ Գ․-ի և 9-ամյա Գ․ Պ․-ի միջև, որի ժամանակ Ա․ Գ․-նը և Գ․ Պ․-ն հարվածներ են հասցրել Դ․ Բ․-ի դեմքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Ապարանի քննչական բաժին։