ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
ԱրարատԲանկը միացել է Սյունիքի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սպանդարյանի ջրանցքի վերանորոգման ծրագրին, որն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 թվականի «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավի շրջանակում։
ԱրարատԲանկը 8 միլիոն ՀՀ դրամ է նվիրաբերել ծրագրին, որի նպատակն է մինչև 2027 թվականը վերակառուցել ջրանցքի վթարված հատվածները և վերականգնել 32 կմ երկարությամբ ջրային ցանցը։
Բանկի կողմից իրականացված նվիրաբերությունը կուղղվի Սպանդարյանի ջրանցքի վթարված հատվածների վերականգնմանը, ինչը հնարավորություն կտա վերականգնել ոռոգման համակարգը և ապահովել ջրի հասանելիությունը Սյունիքի մարզի մի շարք համայնքներում։
«ԱրարատԲանկը մշտապես կարևորել է մեր երկրի համար կենսական, կարևոր ծրագրերը, որոնք ուղղված են մեր ժառանգության ու կարևոր ռեսուրսների պահպանմանը՝ հաջորդ սերնդին փոխանցելու համար տնտեսապես ավելի ամուր և անվտանգ հայրենիք: Ջրանցքի վերակառուցման ծրագիրն առանձնահատուկ է ոչ միայն Սյունիքի, որպես ռազմավարական նշանակության մարզի, այլև մեր երկրի համաչափ զարգացման և տարբեր համայնքներում ապրող մեր հայրենակիցների բարեկեցության համատեքստում»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։
Սպանդարյան ջրանցքի վերակառուցումը կենսական նշանակություն ունի Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերի համար. ծրագրի իրականացման արդյունքում 730 ընտանիք կդառնա անմիջական շահառու և կիրականացվի 2800 հա հողատարածքի արդյունավետ ոռոգում։
ԱրարատԲանկը շարունակում է աջակցել մեր երկրի տնտեսության զարգացմանը՝ կրելով սոցիալական պատասխանատվություն ինչպես իր հաճախորդների, այնպես էլ ամբողջ հանրության առջև։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից