Ալիևը փախավ Պուտինի հետ հանդիպումից, իսկ Փաշինյանը դեռ լռում է
Նիկոլ Փաշինյանը երեկ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցով։ Դեկտեմբերի 21-ին նա Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ այսօր մասնակցելու է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Ինչպես նախքան այցը նշել էր Ռուսաստանի նախագահի օգնականը, Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ կունենա թե՛ Նիկոլ Փաշինյանի և թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ըստ ռուսաստանյան աղբյուրների, երկու երկրների ղեկավարների հետ էլ Վլադիմիր Պուտինը մտադիր է քննարկել, այսպես կոչված, «Թրամփի ուղին» և Ռուսաստանի մասնակցությունը դրան նաև խստորեն զգուշացնել, որ Ռուսաստանի շահերը հաշվի չառնելը լուրջ հետևանքներ կունենա երկու պետությունների համար էլ։ Եթե հայկական կողմը հակված է հանդիպում ունենալ Ռուսաստանի նախագահի հետ, ապա ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն այսօր առավոտյան տեղեկություն տարածեցին, որ Իլհամ Ալիևը չի կարողանա մասնակցել ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով, և, ըստ ամենայնի, կարճ ժամանակ Սանկտ Պետերբուրգում անցկացնելուց հետո վերադառնալու է Բաքու՝ խուսափելով Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից։
Իհարկե, դա լավ հնարավորություն կարող էր դառնալ հայկական կողմի համար՝ իր հարցերը Ռուսաստանի նախագահի հետ քննարկելու, տարբեր անհարթությունները հարթելու համար։ Բայց և չի բացառվում, որ Փաշինյանն էլ վերջին պահին փորձի հրաժարվել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից, թեև մասնակցելու է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Աննա Մարգարյան