«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ին
Հոկտեմբերի 21-ին դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հիմնադրած «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի Կանաչ գոտում։
Բնապահպանությանը նվիրված միջազգային միջոցառման շրջանակում պատանի երաժիշտները դասական երաժշտության միջոցով իրենց արվեստը ներկայացրին համաժողովի այցելուներին՝ երաժշտությունը դարձնելով արվեստի, բնության և ապագայի շուրջ երկխոսության մի մաս։
Համերգային ծրագրում ընդգրկված էին ինչպես հայ կոմպոզիտորների, այնպես էլ համաշխարհային երաժշտական ժառանգության հայտնի ստեղծագործություններ։ Հնչեցին Արամ Խաչատրյանի «Այշեի պարը»՝ «Գայանե» բալետից, և «Վալսը»՝ «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից, Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը «Ճերմակ անուրջներ» և «Կտոր մը երկինք» կինոֆիլմերից, ինչպես նաև Էնրիկե Ֆերնանդեզ Արբոսի «Բոլերոն», Դմիտրի Շոստակովիչի «Պրելյուդ և պոլկան» ու «Վալս № 2»-ը։ Ծրագիրն ամփոփվեց Ֆրեդի Մերկուրիի «We Are the Champions» ստեղծագործությամբ։
Ելույթը ևս մեկ անգամ ընդգծեց արվեստի միավորող ուժը և մշակույթի դերը՝ կարևոր գաղափարներ ու արժեքներ փոխանցելու գործում։Երաժշտությունը միավորեց արվեստն ու բնության հանդեպ հոգատարությունը՝ հիշեցնելով, որ մեր այսօրվա ընտրություններն են ձևավորում վաղվա աշխարհը, որը ցանկանում ենք տեսնել ներդաշնակ, գեղեցիկ և հոգատարությամբ լի։
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը «Հայ Վիրտուոզներ» ծրագրի միջոցով շարունակում է աջակցել շնորհալի պատանի երաժիշտներին՝ ստեղծելով հնարավորություններ նրանց մասնագիտական զարգացման, ստեղծագործական ինքնադրսևորման և տարբեր հարթակներում ներկայանալու համար։