Հունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդի
Հունգարիայի նոր կառավարությունը զգալիորեն կրճատել է Եվրամիության SAFE պաշտպանական ծրագրի շրջանակում նախատեսվող վարկի իր պահանջը՝ նախկին 16.4 միլիարդ եվրոյից հասցնելով 5.4 միլիարդ եվրոյի։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովը, գրում է Euronews-ը։
Եվրահանձնաժողովի խոսնակ Թոմաս Ռեգնիեի խոսքով՝ Հունգարիայի իշխանությունները Բրյուսելին տեղեկացրել են, որ ցանկանում են սահմանափակել իրենց վարկային պահանջը 5.4 միլիարդ եվրոյով։ Նախորդ՝ 16.4 միլիարդ եվրոյի պահանջը ներկայացվել էր Վիկտոր Օրբանի կառավարության օրոք։
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ապրիլին պաշտոնը ստանձնած վարչապետ Պետեր Մադյարի կառավարությունը վերանայել է նախկին առաջարկը։ Euronews-ը նշում է, որ նոր իշխանությունները մտահոգություններ էին հայտնել նախորդ կառավարության հետ կապված հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։
«Մենք սկզբից շատ հստակ նշել էինք Հունգարիայի նոր իշխանություններին, որ նրանք հնարավորություն կունենան գնահատելու առկա իրավիճակը, և այժմ նրանք որոշել են վերցնել ավելի քիչ, քան սկզբում հատկացվել էր Հունգարիային»,- ասել է Ռեգնիեն։
Նույն օրը Եվրահանձնաժողովը հաստատել է նաև, որ Իտալիան SAFE ծրագրի շրջանակում պաշտոնապես դիմել է 8 միլիարդ եվրոյի վարկի համար։ Դա ևս զգալիորեն պակաս է նախկինում սպասվող 14.9 միլիարդ եվրոյից։
SAFE-ը՝ Security Action for Europe ծրագիրը, Եվրամիության պաշտպանական ֆինանսավորման գործիք է, որով անդամ երկրներին տրամադրվում են երկարաժամկետ վարկեր՝ պաշտպանական կարողությունների, ռազմական պատրաստվածության և եվրոպական պաշտպանական արդյունաբերության զարգացման համար։ Ծրագրի ընդհանուր ծավալը 150 միլիարդ եվրո է։
Ծրագրին պաշտպանական ներդրումային ծրագրեր են ներկայացրել ԵՄ 19 անդամ երկրներ։ SAFE-ի կանոններով ձեռք բերվող պաշտպանական համակարգերի բաղադրիչների արժեքի առնվազն 65 տոկոսը պետք է ծագի Եվրամիությունից, Ուկրաինայից կամ համապատասխան ԵՏՏ/ԵԱԱԱ երկրներից։
SAFE-ը Եվրոպական հանձնաժողովի «Readiness 2030» ծրագրի մաս է, որի նպատակն է մինչև տասնամյակի վերջը էականորեն մեծացնել Եվրոպայի պաշտպանական ներդրումներն ու արտադրական կարողությունները։
Հետևեք մեզ՝ այստեղ