Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան
Ի հեճուկս հայաստանյան իշխանությունների ցանկությունների՝ նախօրեին Եվրոպական խորհրդարանը «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձևով վերահաստատեց իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պահպանությանը, ինչպես նաև նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքին՝ համապատասխան միջազգային երաշխիքների ներքո։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ի տարբերություն տարբեր հեղինակավոր կառույցների և երկրների, որոնք տարբեր բանաձևերով և հայտարարություններով աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը և նրանց՝ սեփական բնօրրան վերադարձին, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը։
Դեռ չեմ խոսում գործող կառավարչի՝ ադրբեջանական ոճրագործությունների արդարացման և խայտառակ վարքագծի մասին»,-գրել է նա։