«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դարեն Ֆլետչերը նշանակվել է թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դարեն Ֆլետչերը նշանակվել է թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա «կարմիր սատանաներին» դուրս կբերի Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում կայանալիք «Բարնլիի» դեմ հանդիպմանը, որը տեղի կունենա չորեքշաբթի՝ հունվարի 7-ին։
Ֆլետչերի մարզչական շտաբում որպես օգնական ընդգրկվել է ակումբի նախկին պաշտպան Ջոնի Էվանսը։ 38-ամյա հյուսիսիռլանդացին դեկտեմբերին լքել էր ակումբի վարձակալության և խաղացողների զարգացման ծրագրերի ղեկավարի պաշտոնը, որը զբաղեցնում էր հուլիսից։
Մամուլի ասուլիսի ժամանակ Դարեն Ֆլետչերը կիսվել է իր զգացողություններով.
«Թիմը գլխավորելու հնարավորություն ունենալն անհավանական պատիվ է, որը գերազանցում է անգամ իմ ամենահամարձակ երազանքները։ Ես իսկապես հպարտ եմ դրանով։ Թեև սա տեղի ունեցավ ոչ այն հանգամանքներում, որոնցում ես սպասում էի, և դեռևս լիովին չեմ գիտակցում կատարվածը, բայց ես պետք է կենտրոնանամ իմ առջև դրված խնդրի վրա. ես գործ ունեմ անելու»։
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել էր Ռուբեն Ամորիմի հրաժարականի մասին։ Ֆլետչերը, ով մինչ այդ մարզում էր Մ-18 տարեկանների թիմը, ժամանակավորապես ստանձնել է գլխավոր մարզչի պարտականությունները։
Ըստ բրիտանական մամուլի՝ ակումբը փնտրում է մասնագետի, ով կղեկավարի թիմը մինչև մրցաշրջանի ավարտը։ Արդեն բանակցություններ են վարվել նախկին ֆուտբոլիստներ Ուլե-Գունար Սուլշերի և Մայքլ Քերիկի հետ։
Ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ 20 տուրից հետո վաստակած 31 միավորով։