Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատական
Տնտեսություն

Գնաճը ձեռնտու է իշխանություններին. ինչպե՞ս կարձագանքի հանրությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի հոկտեմբերի դրությամբ արձանագրված 12-ամսյա գնաճը՝ 3,7 տոկոսի չափով, առաջին հայացքից կարող է թվալ չափավոր և կառավարելի, հատկապես եթե համեմատենք այն անցած տարիների կամ տարածաշրջանի այլ երկրների ցուցանիշների հետ։ Սակայն, երբ խորությամբ վերլուծում ենք այս թվի կառուցվածքը, դրա ազդեցությունը բնակչության կենսամակարդակի, սպառողական վարքագծի և երկրի տնտեսական կայունության վրա, ակնհայտ է դառնում, որ գնաճի նույնիսկ փոքր շեղումը կարող է ունենալ խոր և բազմաշերտ բացասական հետևանքներ՝ հատկապես այն դեպքում, երբ գնաճի հիմնական բեռը ընկնում է ամենախոցելի սոցիալական խմբերի վրա։

Հայաստանի կառավարությունը 2025 թվականին նպատակադրել էր, որ գնաճը չպետք է գերազանցի երեք տոկոսը, ինչը համարվում է տնտեսական զարգացման ու գնողունակության պահպանման համար անհրաժեշտ հավասարակշռված ցուցանիշ։ Բայց 0,7 տոկոսային կետի գերազանցումը իրականում զգալի ազդեցություն ունի, եթե հաշվի առնենք, որ խոսքը վերաբերում է ապրանքների և ծառայությունների այն խմբերին, որոնք կազմում են միջին և ցածր եկամտային խմբերի սպառման հիմնական զանգվածը։ Մասնավորապես, սննդամթերքի շուկայում արձանագրված 5,8 տոկոս գնաճը, որը ներառում է հացաբուլկեղենը, կաթնամթերքը, մսամթերքը և սննդամթերքի այլ հիմնական տեսակներ, հարվածում է հատկապես քաղաքացիների այն հատվածին, որի եկամուտների էական մասը ծախսվում է առաջնային ապրանքների վրա։ Մյուս կողմից էլ՝ այս ապրանքների թանկացումն անմիջականորեն ազդում է ընտանիքների սննդակարգի որակի, առողջության, երեխաների և տարեցների խնամքի վրա՝ հանգեցնելով նաև սոցիալական լարվածության և դժգոհության խորացման։

Հատկանշական է, որ գնաճի միայն պաշտոնական ցուցանիշները հաճախ չեն արտացոլում բնակչության առօրյա կյանքում զգացվող գնային ճնշումները։ Տնտեսական վերլուծաբաններն ու հասարակության լայն շրջանակները պարբերաբար նշում են, որ իրական գնաճը շատ ավելի բարձր է, քան ներկայացվում է վիճակագրական հաշվարկներում։ Երբեմն էլ գնաճի բարձր ցուցանիշը տեսանելի չէ, քանի որ դրա փոխարեն իջեցվում են ապրանքի քաշը և որակական հատկանիշները։

Այսպես, արևածաղկի յուղի դեպքում արձանագրվել է 18,6 տոկոս գնաճ, սուրճի՝ 12,6 տոկոս, կարագի՝ 12,3 տոկոս, իսկ ալյուրի ու հացի գները համապատասխանաբար աճել են 6 և 3,5 տոկոսով։ Այս ապրանքախմբերը ոչ միայն լայն սպառման են, այլև կենսական նշանակություն ունեն բնակչության մեծամասնության համար, ուստի դրանց թանկացումը հաճախ ուղղակիորեն կապված է կյանքի որակի անկման հետ։

Իսկ գնաճային ճնշումը թուլացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու փոխարեն պետությունը «ձեռքերը ծալած՝ նստած է» (դե, մարդիկ զբաղված են քաղաքական շոուներով, Եկեղեցու և ընդդիմության դեմ պայքարով), ինչն էլ իր հերթին տեղիք է տալիս այնպիսի տեսակետի արմատավորմանը, որ լայն սպառման ապրանքների գների բարձրացումը որոշ չափով ձեռնտու է պետությանը, քանի որ գնաճի հաշվին մեծանում են բյուջետային հարկային մուտքերը։ Որքան բարձր է ապրանքի գինը, այնքան ավելին է գանձվում ավելացված արժեքի հարկի և այլ ներքին հարկերի տեսքով, ինչը նշանակում է, որ պետական բյուջեն ստանում է լրացուցիչ ռեսուրսներ։ Սակայն այս մոտեցումը կարճաժամկետ է և պարունակում է լուրջ ռիսկեր։ Հարկային մուտքերի աճը չի կարող «փակել» բնակչության գնողունակության նվազումից, աղքատության մակարդակի բարձրացումից և սոցիալական լարվածության խորացումից բխող բացասական հետևանքները։ Բացի այդ, գնաճի հետևանքով բյուջեի իրական ծախսերը նույնպես աճում են, դրա արդյունքում իշխանությունները կարող են «հպարտանալ», թե իբր պետական ծառայությունների, աշխատավարձերի, կենսաթոշակների և այլ սոցիալական վճարների չափը որոշակիորեն ավելացրել են, բայց դրա ազդեցությունը ներկայիս թանկացումների պարագայում զրոյական է։

Սակայն հարկ է նկատել, որ գնաճի բացասական հետևանքները չեն սահմանափակվում միայն բնակչության նյութական վիճակով։ Սպառողական գների աճը հանգեցնում է տնտեսության մեջ մի շարք դոմինոէֆեկտների՝ ազդելով ինչպես մակրոտնտեսական, այնպես էլ միկրոտնտեսական մակարդակներում։ Նախ՝ գնաճը, ինչպես արդեն նշեցինք, նվազեցնում է աշխատավարձերի և կենսաթոշակների իրական արժեքը, ինչի հետևանքով քաղաքացիները ստիպված են կրճատել ոչ առաջնային ծախսերը՝ վնասելով տարբեր ոլորտների՝ մասնավորապես ծառայությունների, մանրածախ առևտրի և մշակույթի զարգացումը։ Երկրորդ խնդիրն այն է, որ գնաճը կարող է խթանել «սպառողական միտումը», երբ մարդիկ փորձում են հնարավորինս արագ ծախսել իրենց միջոցները՝ կանխատեսելով հետագա թանկացումները։ Սա խախտում է շուկայի հավասարակշռությունը, մեծացնում է պահանջարկը և նորից նպաստում գների աճին՝ ձևավորելով գնաճի փակ շրջան։

Մյուս կողմից՝ գնաճը բացասաբար է անդրադառնում նաև ներդրումային միջավայրի վրա։ Տնտեսական անկայունության և գների անկանխատեսելի աճի պայմաններում ընկերությունները (հատկապես փոքր և միջին բիզնեսը) դժվարությամբ են կարողանում պլանավորել իրենց ծախսերը, ներդրումները և արտադրողականությունը։ Սա էլ իր հերթին բացասաբար է ազդում տնտեսական աճի տեմպերի վրա և կարող է երկարաժամկետ հեռանկարում հանգեցնել գործազրկության մակարդակի բարձրացման։ Գնաճի հետևանքով նաև փոխվում է ֆինանսական շուկաների վարքագիծը. մարդիկ ավելի հաճախ նախընտրում են ներդրումներ կատարել անշարժ գույքի, ոսկու և այլ «ապահով» ակտիվների մեջ, ինչը նվազեցնում է բանկային համակարգի վարկային ակտիվությունն ու ներդրումների հոսքը արտադրող ոլորտներ։

Ինչպես նշեցինք, գնաճի ազդեցությունը հատկապես ծանր հետևանքներ է ունենում Հայաստանի սոցիալապես խոցելի խավերի վրա։ Միջին և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար սննդամթերքի, կոմունալ վճարների, դեղորայքի և տրանսպորտի գների աճը դառնում է լուրջ բեռ։ Արդյունքում, շատերը ստիպված են կրճատել առողջապահության, կրթության, հանգստի և նույնիսկ սննդի ծախսերը, ինչը կարող է բերել աղքատության ավելի խորացման, սոցիալական բևեռացման և առողջության վատթարացման։ Այս երևույթը հատկապես նկատելի է գյուղական բնակավայրերում և մարզերում, որտեղ աշխատատեղերի պակասի, եկամուտների ցածր մակարդակի և ենթակառուցվածքների անբավարարության պայմաններում գնաճի ազդեցությունը բազմապատկվում է։

Հատուկ ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ գնաճը կարող է ունենալ ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև քաղաքական հետևանքներ։ Սպառողական գների կայուն աճը հաճախ դառնում է հանրային դժգոհության հիմնական աղբյուր, որը կարող է արտահայտվել բողոքի ակցիաներով, քաղաքական պահանջներով և իշխանությունների նկատմամբ վստահության անկմամբ (եթե կա)։ Ինչպես պատմությունն է ցույց տվել, տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, գնաճի և սոցիալական լարվածության աճի միջև գոյություն ունի ուղիղ կապ։ Հետևաբար, գնաճի կանխարգելման և զսպման քաղաքականությունը պետք է լինի ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական առաջնահերթություն՝ ուղղված երկրի ներքին կայունության պահպանմանը։

Գնաճի դեմ պայքարի հիմնական գործիքներից է դրամավարկային քաղաքականության խստացումը՝ տոկոսադրույքների բարձրացումը, փողի զանգվածի կրճատումը և վերահսկողության ուժեղացումը։ Հայաստանի Կենտրոնական բանկը, հետևելով իր նպատակային ցուցանիշին, փորձում է պահել գնաճը կառավարելի շրջանակներում՝ ճշգրտելով տոկոսադրույքները և վերահսկելով դրամական շրջանառությունը։ Սակայն այս գործիքները նույնպես ունեն իրենց սահմանափակումները։ Տոկոսադրույքների բարձրացումը կարող է զսպել գնաճը, բայց, միևնույն ժամանակ, թանկացնել վարկային ռեսուրսները տնտեսության համար՝ դանդաղացնելով տնտեսական ակտիվությունը։ Այդ պատճառով շատ կարևոր է գտնել ճիշտ հավասարակշռություն գնաճի զսպման և տնտեսական զարգացման խթանման միջև։

Վերջապես, գնաճի դեմ արդյունավետ պայքարն անհնար է առանց համակարգային, խորքային բարեփոխումների։ Պետությունը պետք է այնպիսի համալիր քայլեր ձեռնարկի, որոնք ուղղված կլինեն տեղական արտադրության խթանմանը, մատակարարման շղթաների դիվերսիֆիկացմանը, գյուղատնտեսության զարգացմանը և սպառողական շուկայի մրցակցային միջավայրի ձևավորմանը։ Միայն այս ճանապարհով է հնարավոր որոշակիորեն նվազեցնել արտաքին շուկաներից կախվածությունը և ապահովել գների կայունությունը։ Բացի այդ, անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել սոցիալական պաշտպանության համակարգը՝ հասցեական աջակցություն տրամադրելով առավել խոցելի խմբերին, բարձրացնելով կենսաթոշակները և նպաստները։ Եթե, իհարկե, այդպիսի ցանկություն կա...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում